«Պրոմտեխնոլոգիան» այլևս Հայաստան զենքի մատակարարների «սև ցուցակում» չէ

«Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը (ORSIS զինագործական ապրանքանիշ) հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը մեզ տրամադրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումը, որում Ֆինանսների նախարարությանը պարտավորեցնում է www.gnumner.am համացանցային կայքում հրապարակած «Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը, որի կազմի մեջ է մտնում ORSIS-ը, հանել «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակից»՝ մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Որոշման մեջ ասվում է, թե դատարանը եկել է այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով հայցվորի միջնորդությունը հիմնավորված է, այն բխում է նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, ուստի պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում։

Մեր հարցին՝ իսկ նախքան այս որոշումը, նախկին պայմանագրերը՝ ՀՀ ՊՆ-ի հետ կնքված, պահպանվո՞ւմ էին, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց.

«Հենց աբսուրդը նրանում է, որ ոչ միայն պահպանվել են, չէին կարող չպահպանվել, քանի որ ռուսական փամփուշտի բոլոր գործարաններն «Օրսիսին» են պատկանում, այլ սեփականատեր չկա: 3-4 փամփուշտի գործարան կա ՌԴ-ում, բոլորն էլ իրենց են պատկանում: «Օրսիսի» տերն առաջին անգամ որ եկել էր՝ 2017-ին, սկզբից Վիգեն Սարգսյանի հետ էր ծանոթացել, հեղափոխությունից հետո նաև Դավիթ Տոնոյանի հետ էր եկել ծանոթացել, նրանց ասել էր՝ իմ արտադրած փամփուշտն ինչի՞ եք Սերբիայից առնում կրկնակի գնով»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն ստացավ նաև ՀՀ ՊՆ-ից:

«Ես իմ նախկին մեկնաբանություններում ասել եմ, որ գլոբալ առումով Պաշտպանության նախարարությունը խնդիր չունի «Պրոմտեխնոլոգիայի» հետ՝ հետագա համագործակցության կամ աշխատանքի համար»,- շեշտեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել, որի հաղթող էր ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Մրցույթը հաղթելուց հետո, սակայն, կարճ ժամանակ անց Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկվել էր: Այնուհետ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը ներկայումս ՀՔԾ վարույթում է:

 

Տեսանյութեր

Լրահոս