Ամանորյա տրամադրության ձախողված փորձեր ու տնակների աճուրդ՝ սկսած 200.000 դրամից
Մի քանի օր է՝ համացանցում հարցեր են հնչում Հյուսիային պողոտայի դատարկության ու Սուրբծննդյան տոնավաճառի բացակայության պատճառների մասին: Facebook սոցիալական կայքում անգամ «Դեմ ենք Երևանի Սուրբծննդյան տոնավաճառը տեղափոխելուն» անունով խումբ է ստեղծվել, որտեղ մարդիկ բողոքում են իրենց հարցերին տրված անհասկանալի պատասխանների և այսօրվա իշխանության «դուխով հետքայլի» դեմ:
7 տարի շարունակ Հյուսիսային պողոտայում Ամանորից առաջ տոնական շունչ և տրամադրություն կար: Այսօր պողոտան Սուրբծննդյան տոնի հետ բնավ չի ասոցիացվում:
Երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության, իսկ նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել:
168.am-ը զրուցեց 7 տարի շարունակ Հյուսիային պողոտայում Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառը կազմակերպող «Գուրմէ Դուրմէ» ընկերության և «Պասկալ և Դիոդատո» սրճարանի սեփականատեր Պիեռ Բաղդադյանի հետ՝ հասկանալու, թե քաղաքապետարանը ինչպես է հիմնավորել տոնավաճառի նախկին կազմակերպիչներին թույլտվություն չտալու իր որոշումը:
«Մեր նամակին պատասխանեցին շատ ուշացումով՝ ասելով, որ այս տարի թույլտվություն չեն տալիս Հյուսիսային պողոտայում մեր տոնավաճառն անցկացնել, քանի որ «Տոնակատարությունների ձևաչափն են փոխելու» և Հյուսիսային պողոտայում 6 եղևնի են տեղադրելու»,- 168.am-ին ասաց Պիեռ Բաղդադյանը:
Ամանորյա տոնավաճառի կազմակերպիչներին քաղաքապետարանից առաջարկել են տոնավաճառը կազմակերպել Երևանի 2750-ամյակի այգում: Բաղդադյանը չի համաձայնել, քանի որ, ըստ նրանց՝ այդ հատվածը բիզնեսի տեսանկյունից հարմար չէ:
«Մենք հաշվի առանք մեր տարիների փորձը և այն, որ Երևանը ցուրտ քաղաք է, և Ամանորյա տոնավաճառն էլ համեմատաբար նոր գաղափար է, որին ժողովուրդը հազիվ սովորել էր իր ծնունդ առած վայրում, ու այնտեղ էր այն զարգանում»,- անդրադառնալով տոնավաճառը 2750-ամյակի այգում անելու քաղաքապետարանի առաջարկին՝ ասաց Պիեռ Բաղդադյանը:
Սեփականատիրոջ գնահատմամբ՝ տեղափոխվելը սխալ որոշում կլիներ, մանավանդ այն պարագայում, երբ իրենց կազմակերպած տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի վրա «մի կոպեկ չէր նստելու»:
Բաղդադյանը վստահեցնում է՝ ո՛չ այս տարի, ո՛չ նախորդ 7 տարիներին ոչ ոք իրենցից անգամ մի կոպեկ գումար չի պահանջել Հյուսիսայի պողոտայում Ամանորյա և Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման թույլտվությունը տալու համար:
Քաղաքապետարանից Հյուսիսային պողոտայում անցկացվող տոնավաճառի թույլտվությունը չստանալուց հետո Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպիչներն այլ տարբերակ են գտել: Նախատեսել են համագործակցել մի բարեգործական ընկերության հետ և հենց այդ ընկերութան պարտեզում ավելի փոքրիկ տոնավաճառ կազմակերպել: Այս առաջարկը քաղաքապետարանը ոչ մերժել, ոչ բավարարել է, պատասխան պարզապես չեն ստացել:
«Այս երկրորդ փորձն էլ ձախողվեց,- ասաց Պիեռ Բաղդադյանը՝ հավելելով,- մաղթում ենք, որ անեն այն, ինչ որ խոստանում են իրենց լրատվամիջոցներով՝ հանուն մեր բնակչության և մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ուրախության»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է տոնավաճառ իրականացնել Երևանի 2750-ամյակի այգում: Այգու շատրվանների 2 ուղղությամբ կտեղադրվեն 40 տնակ-կրպակ: Տնակ-կրպակների աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին: Տնակ-կրպակների մեկնարկային գինն էլ տատանվում է 200-250 հազարի սահմանում: