Կառավարությունը բնակարանային ապահովման ծրագրեր է մշակել՝ խթանելու համար ծնելիությունը

ՀՀ-ում ժողովրդագրության վիճակի բարելավման նպատակով Կառավարությունը քննարկման է դրել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրային նախագծերը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ «հերթական հաջորդ երեխան ունենալու հարցում առավել ազդեցիկ գործոններ են՝ լավ վարձատրվող և հարմար աշխատանքը, համապատասխան սոցիալական պաշտպանվածության մակարդակն առհասարակ, բնակարանային ապահովվածության մակարդակը, թե որքանով է պետությունն աջակցում այս հարցում, ինչպես նաև առողջապահական գործոնը, քանի որ 2014-ի հետազոտության արդյունքներով՝ ծնունակ տարիքի 90.000 զույգ վերարտադրողական առողջության խնդիր ունի»:

Այս համատեքստում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն առանձնացրեց բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը: Այս շրջանակում նախատեսվում են միանվագ դրամական աջակցության ծրագրեր.

առաջին՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,

երկրորդ՝ կանխավճարի ապահովագրության ձեռքբերում երիտասարդ ընտանիքների համար,

երրորդ՝ երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն  հիպոթեքային վարկ մարող ընտանիքներին:

«Շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումից հետո այս ծրագրերը կներկայացվեն Կառավարության հաստատմանը: Հիմնական սկզբունքները հետևյալն են. առաջին՝ միանվագ դրամական աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին հիպոթեքով բնակարան ձեռք բերելու համար մարզային բնակավայրերում: Ծրագիրը նախատեսված է սկսել հաջորդ տարվա հուլիսից, և նախատեսվում է բնակարանային ապահովության այս ծրագրերով շուրջ 800 շահառուի աջակցություն տրամադրել, բայց սա չի նշանակում, որ, եթե շահառուները լինեն 1200-ը, գումարներ չեն լինի: Իսկ թե ինչու մարզերում, որովհետև իրավիճակը շատ ավելի բարդ է մարզային բնակավայրերում: Երկրորդ հանգամանքը՝ ունենք բազմաթիվ ծրագրեր բնակարանային ապահովման, որոնք հասանելի չեն մարզային բնակչությանը, այդ թվում՝ եկամտահարկի վերադարձի ծրագիրը, քանի որ բնակարանային շինարարությունը, որպես այդպիսին, բացակայում է: Այդ իսկ պատճառով կառավարությունն աջակցում է հիպոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում՝ որպես կանխավճար տալով բնակարանի արժեքի մինչև 5 տոկոսը: Սյս ծրագրից օգտվելու համար առնվազն երկու երեխա պետք է ունենան: Երկրորդ կարևոր ծրագիրը, որը մենք ևս շատ ենք կարևորում, դա հիպոթեքային վարկ փակող ընտանիքներին աջակցությունն է, երբ ընտանիքում ծնվում է երեխա, քանի որ հիպոթեքային վարկ փակող ընտանիքում երեխա ծնվելու հավանականությունը մեծ չէ: Դրա համար մենք ասում ենք՝ հիպոթեքային վարկ փակող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ կախված նրանից, թե որերորդ երեխան է, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի, որը կուղղվի մայր գումարի մարմանը: Ընդ որում՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում այդ աջակցությունը կկազմի 10 տոկոսի չափով, և 50 տոկոս՝ մարզային բնակավայրում, ու 25 տոկոս՝ Երևանում, եթե երրորդ և հաջորդ երեխան է»,- մանրամասնեց Սաիյանը:

Հավելենք, որ դեկտեմբերի 7-8-ը Ծաղկաձորում Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արտագնա աշխատանքային հանդիպում էր կազմակերպել ոլորտի մասնագետների և շահագրգիռ բոլոր կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս