38 մարդու փոխադրող ինքնաթիռը կործանվել է
Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր Անտարկտիդա ուղեւորվելու ճանապարհին, կործանվել է: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է հանրապետության ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունը:
«ՌՕՈւ-ն հայտնում է, որ Hercules C130 ինքնաթիռը ռադիոկապի կորստից յոթ ժամ անց համարվում է կործանված»,- ասված է հաղորդագրության մեջ: «Այն գոտում, որտեղ կորել է կապն ինքնաթիռի հետ շարունակվում է որոնողական գործողությունը հնարավոր փրկվածներին փրկելու նպատակով»,- հայտնել են Չիլիի ՌՕՈւ-ի մամուլի ծառայությունում:
Ինքնաթիռը ռադիոկապը կորցրել է Երեւանի ժամանակով դեկտեմբերի 10-ին ժամը 01:13-ին, երբ Պունտա Արենաս քաղաքի ռազմաօդային ռազմակայանից ուղեւորվում էր նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիդյան բազա: ՌՕՈւ-ի տվյալներով « Hercules C130 օդանավում գտնվում է 38 մարդ, որոնցից 17-ն անձնակազմի անդամներն են, 21-ը՝ ուղեւորներ»:
Օդանավում գտնվող անձնակազմը պետք է ստուգեր այն խողովակաշարը, որով վառելիք է մատակարարվում բազային: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հայտնել է, որ ուղեւորվում է Սերիլիոս մայրաքաղաքային կոմունայի ռազմաօդային բազա, որտեղ տեղավորված է հանրապետության ՌՕՈւ-ի հրամանատարությունը, կորած ինքնաթիռի հետ կապված իրադրության մոնիթորինգի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: