Պատմություն Դերենիկ Դեմիրճյանի «սիրուհի» կատուների մահվան մասին
Մշակույթի, արվեստի ոլորտի մեծությունները մարդկանց ուշադրության կենտրոնում են ո՛չ միայն իրենց ստեղծագործություններով, այլև սկանդալային կյանքով ու տարօրինակ սովորություններով։ Հայտնի գրող Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել դիահերձարաններ, Պուշկինը շատ էր սիրում լիմոնադ։ Բալզակն օրական խմում էր մոտ 40 գավաթ սուրճ։ Սարսափ պատմվածքներով հայտնի Էդգար Պոն էլ վախենում էր մթությունից… Այս շղթան կարելի է անվերջ շարունակել, քանի որ այս հանճարեղ մարդիկ տարբերվում էին բոլորից։
Հայ իրականության մեջ ևս շատ են հայտնի արվեստագետների տարօրինակությունները։ Օրինակ՝ Եղիշե Չարենցի մտերիմները պատմում էին, որ երբեմն ալկոհոլի ազդեցության տակ Չարենցը նշում էր, որ ինքը սիրահարվել է ինչ-որ արձանի։ Այս ամենին մենք ևս չենք կարող բացատրություն տալ, քանի որ այդպես էր մտածում ու զգում Չարենցը։
Հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանին, թերևս, գիտենք միայն իր հաստափոր «Վարդանանք» վեպով։ Հանուն արդարության՝ պիտի նշենք, որ մեզանից ոչ բոլորն են կարողացել հաղթահարել այդ ծավալուն վեպը։ Դեմիրճյանը, մեծ գրող ու մտավորական լինելուց զատ, նաև մեծ կենդանասեր էր։ Բազմաթիվ պատմություններ կան Դեմիրճյանի ու կենդանիների մասին։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը մանրամասն պատմեց Դեմիրճյանի ու կենդանիների հետ կապված գեղեցիկ պատմությունները։
«Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ։ Այս բնակարանում ապրում էին 4 կատու և Զանգի շունը։ Ասում են, որ Դեմիրճյանը կատուներին կոչել է իր սիրած կանանց անուններով՝ Շառլոտա, Էլեոնորա, Մարան և Օֆելյա։ Այդ կատուների մասին Դեմիրճյանը խոսել է նաև իր նամակներում և գրառումներում։ Էլեոնորայի և Շառլոտայի հետ լուսանկարներ ունի։ Կատուներից Էլեոնորային բնութագրում են՝ որպես ագրեսիվ կատու, իսկ Շառլոտային՝ դաստիարակված կատու։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին, և հենց այդ պահին էլ արվել է նրանց լուսանկարը։ Նա հոգատար էր կենդանիների նկատմամբ այնպես, ինչպես մարդկանց նկատմամբ։
Տարածքի հնաբնակները պատմում են, որ նա հոգատար է եղել նաև բակի կատուների նկատմամբ․ տան կատուները պատրիկներն էին, իսկ բակինը՝ պլեբեյները։ Անգամ պատերազմի ծանր տարիներին նրանք կերակրում էին բակի կենդանիներին։ Դեմիրճյանը մեծ հետաքրքրություն է ունեցել կենդանաբանական այգու նկատմամբ, և կա պահպանված մի լուսանկար, որում պատկերված են Դեմիրճյանը, գրականագետ Արսեն Տերտերյանը և կենդանաբանական այգու հիմնադիր Արտավազդ Սարգսյանը, ովքեր լուսանկարվել են հենց այգում՝ վանդակների դիմաց։
Իր աշխատասենյակի պատին արագիլների ընտանիքի լուսանկար էր փակցրել։ Գրողի հարազատները պատմում են, որ, երբ նեղված էր լինում, նայում էր այդ լուսանկարին ու լավանում։ Լուսանկարը ևս ունի հետաքրքիր մի պատմություն։ Խորհրդային տարիներին Դեմիրճյանը հանդիպման է եղել գյուղի աշխատավորների հետ և հանդիպման ժամանակ, երբ հոգնել է ճառերից, խնդրել է, որ ճառասացությունների փոխարեն՝ լուսանկարիչ գա և լուսանկարի արագիլների այդ ընտանիքին, և լուսանկարը նվիրեն իրեն։
Նաև մի ուրիշ պատմություն կա այն մասին, որ ժամանակին, երբ Դեմիրճյանի տան դիմացը բաց է եղել և փողոցը տեսանելի է եղել, նա լուսամուտից նայելով՝ տեսել է, որ մի գյուղացի ավանակին բարձած բերել է քաղաք, որպեսզի ապրանքը վաճառի։ Դեմիրճյանը մտածել է, որ ավանակը քաղցած կլինի, և տան անդամներից մեկին գումար է տվել ու խնդրել, որ գազար առնի ու կերակրի ավանակին։ Դեմիրճյանը պատուհանից երկար նայել է այնքան ժամանակ, մինչև ավանակը կերել է գազարն ու կշտացել»։
Թերևս, այս պատմություններից ամենասիմվոլիկն ու հետաքրքրականը Դեմիրճյանի կատուներ-սիրուհիներ պատմությունն էր։ Համաշխարհային գրականության ու արվեստի մեջ կին-կատու զուգահեռները միշտ են տարվել, իսկ Դեմիրճյանի մոտ կատուները կենդանիներ լինելուց զատ՝ կարծես թե իրական մարդիկ լինեին։ Թերթելով Դեմիրճյանի նամակները՝ տեսնում ենք, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել նա, երբ կորցրել է իր 2 կատուներին։ Մասնավորապես Մարիա Դեմիրճյանին ուղղված նամակում մեծ գրողն արտահայտել է իր ամբողջ վիշտն ու ցավը։
«Մարիա Դեմիրճյանին։ Երևան, 1955 թվականի նոյեմբերի 26
Ստիպված եմ քեզ գրել մի դժբախտության մասին և տխրեցնել քեզ․ այլևս չկան մեր սիրելի կատուները՝ մայրը և Օֆիկը։ Թունավորվեցին կամ թե հիվանդացան ժանտախտով․․․
Ինձ հատկապես վրդովեցնում է, որ ինձ խանգարեցին պարզելու բանի էությունը, որ կարողանայի փրկել նրանց։ Բանն այսպես էր։ Նատան հավաքում է սենյակս և այնտեղ նկատելով անմաքրություն՝ բարկանում է և սպառնում, որ կոչնչացնի դրանց։ Եվ նա երդվում է, որ դա, իրոք, պատահականություն, զուգադիպություն է եղել․ ես նկատեցի, որ Օֆիկը և մայրը տանջվում են, ընկնում են գետին և մլավում։ Ես անմիջապես գլխի ընկա, որ նրանք թունավորվել են։ Ժանտախտի ախտանիշներ չկային։ Ես Նատային նկատողություն արեցի, և նա, որպեսզի ինձ համոզի, որ իմ կասկածները սխալ են, և վերջապես՝ կատուներին օգնելու համար, նրանց հիվանդանոց տարավ։ (Նրանք կերել էին ձկան պահածո․ ես բանկան չտեսա․․․ այստեղ ինչ-որ բան պարզ չի)։
Հիվանդներին պառկեցնում են և ասում․ «Վաղվա համար մածուն բերեք»։ Իսկ երեկ նրանք մահացան։ Իրենց բուժելու անկարողությունը նրանք ծածկում են՝ ասելով, թե հիվանդությունը ժանտախտ էր։
Դե՛ հիմա խոսակցություններն անօգուտ են։ Բնակարանն այնպես դատարկ է, այնպես թախծալի, որ չես կարող երևակայել։ Հարությունն ասում է, որ կոնսերվացված ձուկը, ինչպես և ամեն տեսակի ձուկ, կատուների համար թույն է։ Չեմ հավատում։ Երկար տարիներ դու նրանց կերակրում էիր կոնսերվացված ձկով»: (Դերենիկ Դեմիրճյան երկերի ժողովածու, հատոր 14-րդ, Երևան, 1987)։
Այսպիսին էր նախորդ դարի հայ մեծ գրողներից մեկը, ով անգամ չէր համարձակվում իր կենդանիների կորուստն անվանել «սատկել», այլ ասում էր․ «Իսկ երեկ նրանք մահացան»։ Ու տեսականորեն ժամանակակից հայ մարդը շատ բան ունի սովորելու նախորդ դարի մեծերից, ովքեր լաց էին լինում անգամ սեփական կենդանու կորստի համար։ Եվ այդ մարդիկ էին, որ կարողացան կրթել ու դաստիարակել մի ամբողջ ժողովրդի, որոնց հիմա մենք կամ մոռացել ենք, կամ էլ չգիտենք․․․․
Զ․Շուշեցի
Լուսանկարները տրամադրել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը