Բաժիններ՝

Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը հույսով սպասում է նրա վերադարձին

Օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի ընտանիքը հույսով սպասում է, որ որդին գերությունից վերադառնալու է։ Նրա մոր առողջական վիճակը շարունակում է  ծանր մնալ։ Նա առողջական խնդիրներ ունեցել է, սակայն  որդու գերի ընկնելու մասին լուրն իմանալուց հետո վիճակն ավելի է ծանրացել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ 20 օր առաջ է այցելել զինծառայողի ընտանիքին, պատրաստվում է առաջիկայում նորից այցելել։

«Արայիկի մոր առողջական վիճակն առանց այդ էլ լավ չէր, հիմա, որդուց հետո, մտածմունքն ավելացել է, առողջական վիճակն ավելի է վատացել»,- նշեց նա։

Եղեգիսի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ Արայիկի ընտանիքը հրաժարվել է որևէ օգնություն ընդունել, սակայն առաջիկայում նախատեսել են Ամանորից առաջ որոշակի օգնություն ցուցաբերել՝ սոցիալական որոշ հարցեր լուծելու համար։

«Կարմիր խաչն այժմ աշխատում է, դեռ սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց Արթուր Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքից հետո Ա. Ղազարյանի հայրը և եղբայրը, որը պայմանագրային զինծառայող է, մեկնել էին Արցախի Հանրապետություն, իսկ մոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր, որից հետո նրան տեղափոխել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Օգոստոսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել էին Ադրբեջանում գտնվող զինծառայողին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս