Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին

«2020 թվականը մեկնարկում է նոր էներգիաներով: Հունվարի 25-ին՝ նորալուսնի մեկնարկով կսկսվի Սպիտակ Առնետ տոտեմի իշխանությունը, որը կտևի մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

«Կարևոր է նաև այն, որ սկսվում է Սատուրնի տարին, իսկ Սատուրնը նոր փոփոխություններ,  ուժեղ էներգիաներ  է պարունակում, ղեկավարում է Այծեղջյուրին և Ջրհոսին: Հայաստանը գտնվում է Երկվորյակ նշանի տակ: Աստղաբանության տեսանկյունից Երկվորյակ-Սատուրն հարաբերությունները մի փոքր լարված են, սակայն հնարավորությունների դաշտը մեծանում է: Այն ամենը, ինչ գտնվել է ստվերի մեջ, կամ դեռ չի բացահայտվել, դրանց վերջնական բացահայտումը մենք կտեսնենք 2020 թվականին: Քաղաքական վերադասավորումները նույնպես իրենց շարունակական բնույթը կունենան: Լինելու է նաև Արևի 2 և Լուսնի 4 խավարում: Ընդհանուր 6 խավարում ունենք, որը շատ մեծ ազդեցություն ունի Սատուրնի էներգիաների վերադասավորման և անկանխատեսելի տրանսֆորմացիաների վրա»,- նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:

Աստղաբանի փոխանցմամբ՝ 2019թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2020 թվականի հունվարի 10-ը կարևոր վերադասավորումներ են լինելու:

Խավարումների կրկնակի միջանցք է 2020թ. հունիսի 5-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածը: Մյուսը 2020թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 14-ն է, որը կեզրափակի ամբողջ տարվա ցնցումների ընթացքը:

Գուրգեն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ մեծ էներգիայով օժտված նշանները 6-ն են. առաջատարը Կշեռքն է, հետո՝ Առյուծը, Խոյը, Կարիճը, Ձկները և Աղեղնավորը:

Սրանք մեծ հնարավորություններով օժտված, նոր էներգիաներին արագ հարմարվող նշաններն են: Մի փոքր պասիվ վիճակում են Ցուլը, Երկվորյակը, Խեցգետինը և Կույսը: Տարվա գլխավոր հերոսներն են Այծեղջյուրը և Ջրհոսը, քանի որ Սատուրնի ազդեցության տակ են գտնվում:

Ըստ աստղաբանի՝  Սպիտակ Առնետի տարվա գույներն են կապույտը, ոսկեգույնը և կանաչը, որոնք ակտուալ են հատկապես ինտերիերի համար:

Գուրգեն Հովհաննիսյանը լրագրողներին փոխանցեց նաև, թե ինչ է սպասվում  կենդանակերպի բոլոր նշաններին 2020 թվականին:

Խոյերի համար հագեցած տարի է սպասվում՝ նոր ակնկալիքներով: Խոսքի ուժը շատ մեծ դերակատարում կունենա, կհասնեն այն նշանակետին, որին անցած 5-6 տարիների ընթացքում ուզեցել են հասնել: Միակ խանգարող հանգամանքը կլինի ինքնամփոփ լինելը: Բոլոր նախադրալները կան ընտանեկան նոր միջավայր ձևավորելու համար:

Ցուլերի համար տարին դրական կլինի: Եթե մի փոքր ավելի համարձակ լինեն և դիմեն ռիսկի,  ներքին անհաշտությունները կկարգավորեն և առաջ կանցնեն:

Երկվորյակների պարագայում մեծ դիմադրողականություն կա, ներքին պայքար, սակայն արագ հարմարվելով նոր իրավիճակին, մեծ էներգիա ստանալով՝ կհաղթահարեն վաղուց կուտակված խնդիրները, դժվարությունները: Նրանք, ովքեր չկարողանան հաղթահարել՝ առաջիկա 7.5 տարիների ընթացքում ստիպված կլինեն վերաիմաստավորել, անցնել այն ուղիով, որը կիսատ է մնացել, կամ չեն կարողացել անցնել:

Խեցգետինների համար խոսքը և հռետորական կարողությունների բացահայտումը նույնպես շատ ակտուալ և ճիշտ կլինի: Սեփական ուժերի հանդեպ հավատը շատ կարևոր է:

Առյուծների համար լավ տարի է: Իրավիճակից արագ օգտվելու հնարավորություն կա: Միայն այս դեպքում Առյուծը կարող է հինը թողնել մի կողմ: Առյուծների համար լրիվ նոր փուլով նոր տարի է սկսվում:

Կույսերը հոգեբանական, սոցիալական առումով մեծ խնդիրների հաղթահարման առջև են կանգնած: Տարվա մեջ կա մի քանի շրջան, որոնք դուրս են ամեն տեսակի վերահսկումից:

Տարվա հաջողակ նշանը Կշեռքն է: Փյունիկի նման վերածնվելու տարի է: Պետք է գործել շատ համարձակ, մշտապես պահպանել լավատեսությունն ու ուժը, որը կսնուցի Սատուրնը:

Հիանալի տարի է Կարիճների համար, քանի որ ազատվեցին մինչև 2019թ. ծանր, անակնկալներով լի փորձաշրջանից: Համարձակ, ակտիվ խոսքի դաշտի մեջ հմտորեն դրսևորվելու դեպքում մեծ հաջողություններ կունենան: Հաջողության բանալին մտքի, խոսքի, գործի եռամիասնության մեջ է:

Աղեղնավորի պարագայում տարին լի կլինի բազմաթիվ անակնկալներով, այդ թվում՝ նաև էմոցիոնալ լարվածություններով: Գիտակցության և ենթագիտակցության մեջ բալանսավորում պահպանելով՝ բոլոր տեսակի ճանապարհները կբացվեն: 2-3 հնարավոր ուղիներ կունենան, որը կբերի ցանկալի արդյունքի:

Եթե ընտրել են որևէ ուղի, դրանով մինչև վերջ պետք է գնան՝ եթե անգամ զգան, որ թերություններով, վտանգներով լի է:

Այծեղջյուր և Ջրհոս նշանների համար հագեցած և կարևոր տարի է: Մեծ ուղիներ, հնարավորություններ կան, շատ են խստանում դժվարությունները: Մանրուքների վրա չափից շատ կենտրոնանալը կարող  է հարցերից շեղել: Պետք է արագ ազատվել պատրանքներից: Բացահայտումների տարի է:

Ձկների համար հանգիստ տարի է, որը հետագա 12 տարիների խաղաղ անցնելու հետ է կապված: Պետք է զգույշ լինեն, որ հնարավոր բացասականը չվերցնեն:

Տեսանյութեր

Լրահոս