Բացահայտվել է Արագած գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագած գյուղում ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակարաններից մեկը, մահակի գործադրմամբ տանտիրուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 690.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, 2 բանկային քարտեր, ոգելից խմիչքներ, գումար, ապա կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերն ու ոտքերը` դիմել փախուստի:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1982 և 1980թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: