ԵՄ-ի ղեկավարները կոչ են արել «կանաչ գործարքը» տարածել ամբողջ աշխարհում
ԵՄ-ի նոր ղեկավարությունը կլիմայի շուրջ Մադրիդում բացված COP25 խորհրդաժողովում կոչ է արել այսպես կոչված «կանաչ գործարքն» ընդունել ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով:
Եվրոպայի «կանաչ գործարքը» նախատեսում է արմատական բարեփոխումներ էկոնոմիկայում, էներգետիկայում եւ տրանսպորտում, որոնք պետք է դառնան առավելագույնս «կանաչ», ածխածնային առումով՝ չեզոք: Այն նախնական հաշվարկներով Եվրամիության վրա կնստի մոտավորապես 3 տրլն եվրո: Բրյուսելը խոստանում է ծածկել այդ ծախսերի միայն երրորդ մասը, մնացածը, ըստ մտահղացման, կապահովեն Եվրոպայի ներդրումային բանկը եւ ԵՄ-ի երկրներն իրենք:
«Մենք նոր «կանաչ գործարք» ենք առաջարկում, քանի որ խոսքը վերաբերում է բնության դեմ պատերազմի դադարեցմանը, զինադադարին»,-հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով կլոր սեղանի ընթացքում: «Մեզ անհրաժեշտ է փոխել իրավիճակը: Եկել է կանաչ հեղափոխության ժամանակը, մենք ցանկանում ենք Եվրոպան դարձնել առաջին կանաչ աշխարհամասը»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: