Իրանում ինտերնետի անջատումից կապի օպերատորների վնասը կազմել է 90 մլն դոլար
Իրանում ինտերնետի անջատումից ընդհանուր վնասը տեղի կապի օպերատորների համար կազմել է շուրջ 90 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին։
«Հաղորդակցությունների նկատմամբ հսկողության կազմակերպությունը հայտնել է, որ օպերատորների վնասը կազմել է 10,8 տրլն ռիալ (շուրջ 90 մլն դոլար)»,-ասել է նա ISNA գործակալությանը տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ «այդ վնասի մեծ մասը կրել է Irancell ընկերությունը (Իրանում շարժական կապի խոշորագույն օպերատորը)»:
Նա հավելել է, որ, «Պետական փոստային ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ իրենց եկամուտների անկումն ինտերնետի անջատման ժամանակաշրջանում կազմել է 40 տոկոս»:
«Վիճակագրությունն փաստում է, որ վնաս է հասցվել փոքր ձեռնարկությունների մեծ մասին»,-ասել է Ջահրոմին:
Նախարարը հայտարարել է, որ «ներկայում դեռեւս շարունակվում են ֆինանսական կորուստների հաշվարկները, որոնք կրել է բիզնեսը»: «Մենք արդյունքների մասին կհայտարարենք, հենց որ հաշվարկն ավարտվի»,-ասել է նախարարը:
Նոյեմբերի 16-ին իրանական իշխանություններն անջատել էին ինտերնետը երկրում՝ դրանից օգտվելու հնարավորություն թողնելով միայն առանձին առցանց-ծառայությունների: Արգելափակումների մասին որոշումն ընդունվել էր բողոքի չդադարող ակցիաների ֆոնին, որոնց սկսվել էին բենզինի գների եռակի բարձրացման պատճառով:
Նոյեմբերի 23-ին սկսվել է գլոբալ ցանցից օգտվելու հնարավորության աստիճանական վերականգման գործընթացը: Ներկա դրությամբ ընդհանուր առմամբ երկրում ինտերնետ-ծառայությունները տրամադրվում են նախկին ծավալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: