Զարեհ Սինանյանն առաջին անգամ այցելել է Օդեսայի հայ համայնք
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առաջին անգամ այցելել է Օդեսայի հայ համայնք: Հանդիպումը զուգորդվել է մշակույթի տան 11 և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 24-ամյակների տոնական ծրագրով, որտեղ հայկականության մթնոլորտն ապահովել են մշակույթի տան, կիրակնօրյա հայկական դպրոցի և մանկապարտեզի, վոկալ համույթի, գրական ստուդիայի, երիտասարդական ակումբի սաները:
Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցը ոչ միայն հնարավորություն է ծանոթանալու համայնքային կառույցների աշխատանքին, այլև տեսնել հրաշալի հայ երիտասարդությանը, մեկ անգամ ևս վստահությամբ լցվել, որ մեր հայությունը, անկախ գտնվելու վայրից, իրոք ամուր և ուժեղ է:
«Ես ինքս լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում սփյուռքում լինել, շարունակել ապրել որպես հայ, չձուլվել: Գիտեմ, որ շատ հաճախ Ուկրաինայի հայ համայնքն իրեն ուշադրությունից դուրս է զգացել, որի համար անկեղծորեն ցավում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դուք միշտ լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, հայրենիքը միշտ պատրաստ է օգնել, և այդ օգնությունն այլևս երկկողմանի պիտի լինի»,- շեշտել է հանձնակատարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին` սրտացավ և բարձր մակարդակով տարվող աշխատանքի համար: «Հայրենիքը ձեզ շատ է սիրում, կարոտում է, միշտ ունեցել է և այժմ էլ ունի ձեր կարիքը, իմացեք, որ դուք միայնակ չեք»,-ամոփոփել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան ՏիգրանՍեյրանյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս ԳևորգՊետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը, այլ կառույցների ղեկավարներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պագևատրվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվոգրով: