ԱՄՆ-ում Julien՚s-ի աճուրդին են դրել Էլիզաբեթ Թեյլորի անձնական իրերը. Daily Mail
Դիզայներական զգեստներ, զարդեր, ինտերիերի եզակի առարկաներ. դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող ընդամենը շուրջ հազար իրեր են դրվել Julien՚s-ի աճուրդին, որը դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Բեւեռլի-Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:
Դերասանուհու երկրպագուներին աճուրդի կազմակերպիչներն առաջարկում են նորաձեւության այնպիսի տների հագուստներ, ինչպիսիք են՝ Christian Dior-ը, Gucci-ն եւ Versace-ն, ինչպես նաեւ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի դիզայներ Էդիտ Հեդի ստեղծած հագուստները: Այսպես, Էդիտ Հեդի՝ շիֆոնից կարված երկնագույն զգեստը, որը Թեյլորը հագել էր «Այ սա զվարճանք է» (1974 թ.) ֆիլմի պրեմիերային, գնահատվել է 6 հազար դոլար: Նույն գինն է նշանակված Versace-ի՝ կաշվից պատրաստված բայքերյան կուրտկայի համար, որը դերասանուհին կրել է Ջոնի Քարսոնի շոուի ժամանակ (1992 թ.):
Սակայն ամենաթանկ լոտը դարձել է այն լամպը, որը մոդեռն ոճով ստեղծվել է ֆրանսիացի քանդակագործ Աղաֆոն Լեոնարդի (Լեոնարդ Աղաֆոն վան Վեյդեւելտ, 1841-1923 թթ.) կողմից: Բրոնզից պատրաստված արվեստի ստեղծագործության նախնական արժեքը, որը պատկերում է մոդեռն ոճի պարի հիմնադիր, ամերիկացի դերասանուհի եւ պարուհի Լոի Ֆուլլերին (1862-1928 թթ.) հասնում է 20 հազար դոլարի: Էլիզաբեթ Թեյլորը «ոսկե դարի» խորհրդանիշն է դարձել Հոլիվուդի պատմության մեջ: Դերասանուհուն ճանաչում է բերել «Ազգային թավիշ» ֆիլմը, իսկ «Բաթերֆիլդ, 8» եւ «Ո՞վ է վախենում Վիրջինյա Վուլֆից» ժապավեններում նրա աշխատանքները նշվել են «Օսկար» մրցանակներով: Թեյլորը մահացել է 2011 թվականին 79 տարեկան հասակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: