«Զարմանում եմ, թե այդ անձնավորությունն ինչպես է ղեկավարել գլխավոր դատախազությունը». Անդրանիկ Քոչարյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը և Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետանի մահվան դեպքին, որը «Մարտի 1»-ի գործով վկա էր, նշեց, որ վերջինս կարող էր այդ գործում կարևոր վկայություն տալ, եթե «Մարտի 1»-ի դատաքննությունը սկսվեր:

«Սակայն ինքներդ էլ տեսնում եք, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա փաստաբանական խմբի տակտիկական քայլերը բերում են նրան, որ դատաքննությունը, որքան հնարավոր է, հետաձգեն: Որքան հետաձգեն՝ այնքան կարևոր տարրեր են պակասում  այդ քրեական գործի տիրույթից, այս առումով, իհարկե, ափսոսանք կա Աշոտ Կարապետյանի մահվան հետ կապված, յուրաքանչյուր մարդկային կյանքի կորուստ ցավալի է: Ինքս օր առաջ կոչ եմ արել դատավորին, որպեսզի գտնի հնարավորություն՝ դատաքննական պրոցեսն արագ սկսելու համար»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանին, ապա, ըստ Քոչարյանի, նրան տրվել էր 48  ժամ՝ ներկայանալու վարույթ իրականացնող մարմնին, սակայն նա հայտարարեց, որ մտադրություն չունի գալու:

«Նախկինում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, երբ արհամարհում է պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի որոշումը, զարմանում եմ, թե այդ անձնավորությունն ինչպես է ղեկավարել գլխավոր դատախազությունը: Չեմ հասկանում՝ ժամանակին նա ինչպե՞ս էր վերահսկում քրեական գործերը, երևի այնպես, ինչպես ինքը վերաբերվում է այս քրեական գործին, որը շատ կարևոր է մեր պետության համար» ,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.аm-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս