Պաշտպանության փոխնախարարը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է 1 ամսում տիրապետել զինվորական հմտություններին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր  հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որն առաջարկում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը երկարացնել:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝  պարտադիր զինծառայության մասին նախագծին և հարցին, թե հնարավո՞ր է 1 ամսում սովորել զինվորական հմտությունները, ասաց, թե պարտադիր զինվորական ծառայության հետ կապված անհրաժեշտ է առնվազն 5 ամսվա ուսումնական փուլ, որտեղ զինվորները ստանում են գիտելիքներ և հմտություններ՝ ծառայության մնացած  19  ամիսներին կիրառելու համար:

«Մենք ընդհանրապես չենք կարող դիտարկել ուսումնական փուլի կրճատում, քանի որ դա ռազմական գիտության հիման վրա ստեղծված ուսումնական պրոցես է, որը տալիս է այն առավելագույն գիտելիքը՝ ըստ զինվորի ընկալողականության: Այս ուսումնական փուլից հետո բոլոր զինվորները համապատասխան քննություն են տալիս, որպեսզի հրամանատարը կարողանա դիտարկել, թե տվյալ զինվորը պատրա՞ստ է ընդգրկվել ծառայությունում»,- ընդգծեց Գ. Բալայանը:

Նա նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է անձը 1 ամսում զինվորական հմտություններին տիրապետել, բայց նաև նշեց, թե գուցե կա միջազգային փորձ, որի վրա հիմնվում է Հայկ Սարգսյանը, և որն ինքը դեռևս չի ուսումնասիրել:

Նա նաև շեշտեց, որ ծանոթ չէ Հայկ Սարգսյանի՝ բանակում չծառայածների մասին հայտարարությանը, ուստի ձեռնպահ կմնա մեկնաբանել, թե պատգամավորն այդ թվերն ինչպես է ձեռք բերել, և չի կարող ասել, որ այդ թվերը գաղտնիքի հրապարակո՞ւմ է, թե՞ ոչ:

Հարցին՝ ինչպես կմեկնաբանեք այն, որ պատգամավորն այդ առաջարկը շրջանառության մեջ է դրել՝ առանց խմբակցությունում քննարկելու, Գաբրել Բալայանը պատասխանեց, որ դա պատգամավորի սահմանադրական իրավասությունն է, և չի կարող որևէ կերպ մեկնաբանել և սահմանափակել նրա իրավասությունը:

«Ազգային ժողովը իրավաստեղծ քաղաքական մարմին է, որի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ եթե պատգամավորի նախագիծն ընդունվի՝ արդյո՞ք բանակը պատրաստ է այդ փոփոխությանը, Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ սցենարը քննարկել, քանի որ ունեն իրենց հստակ դիրքորոշումը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս