Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխությունների հարց է քննարկման դրվել

Սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 28-ին լրանում է թվով 7000 օբյեկտների պահպանության վերաբերյալ  ոստիկանության հետ կնքված պայմանագրի ժամկետը, որը չի երկարաձգվելու: Իսկ այս օբյեկտների պահպանությունը, ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, վստահվելու է մասնավոր ընկերության, որի հետ կապվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը:

168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պարզաբանումներ էր խնդրել հետևյալ հարցերի կապակցությամբ.

«Տեղեկություններ կան, որ նոյեմբերի 28-ին լրանում է մի քանի հազար օբյեկտների պահպանության՝ Ոստիկանության հետ կնքված պայմանագրերի ժամկետը, որը չի երկարացվելու: Եվ այս օբյեկտների պահպանությունը վստահվելու է մասնավոր ընկերության, ինչը նշանակում է՝ բազմաթիվ ոստիկաններ կարող են ազատվել աշխատանքից և անաշխատանք մնալ:

Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Եթե համապատասխանում է, ապա ի՞նչ հիմնավորումներով, որքա՞ն ընկերությունների հետ պայմանագրերի ժամկետներն են փոփոխվելու, և ո՞ր մասնավոր պահնորդական ընկերության մասին է խոսքը»:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ ուղարկած իր պաշտոնական գրության մեջ Ոստիկանությունը վստահեցնում է, որ «համացանցում տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում»: Այնուհետ տեղեկացնում է, թե պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխությունների հարց է քննարկվում:

«ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, եթե ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում առանձին հաստիքների կրճատման հետևանքով լինեն ազատված աշխատակիցներ, ապա վերջիններիս, առաջնահերթության կարգով, կառաջարկվի համալրել ՀՀ ոստիկանությունում առկա թափուր աշխատատեղերը: Այն անձինք, ովքեր չեն ցանկանա նշանակվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոններում, մասնավոր պահնորդական ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորություն նույնպես կունենան»,- ասված է Ոստիկանության պատասխան-գրության մեջ:

Այս պատասխան-նամակից հետո Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք պարզել, թե խոսքը կոնկրետ ի՞նչ փոփոխության մասին է, քանի որ, ի վերջո, Ոստիկանությունից չէին հերքվում մեր հարցումները։

«Եթե մի բան քննարկվում է, ոչ մեկը չի կարող ասել: Քննարկում են օպտիմալացման… պատասխանում դա կա: Բայց կրկնում եմ՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը դեռ քննարկման փուլում է, երբ կլինի վերջնական տարբերակը, այդ ժամանակ նոր կարող ենք հստակ ասել, որ խոսքն այդ տարբերակի մասին է»,- մեզ հետ զրույցում նշեց Ահարոնյանը:

Հակադարձմանը, թե օպտիմալացման մասին ակնարկն արդեն ինչ-որ բան է հուշում, Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն արձագանքեց.

«Գրության մեջ առաջին տողում էլ կա այդ մասին, որ հարցը դեռ քննարկման փուլում է»:

 «168 Ժամի» հետ զրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքեց սոցիալական ցանցերում տարածված վերը նշված լուրերը:

«Խաչատուր Սուքիասյանի անվան հետ այդ ամեն ինչը կապելն անհեթեթություն է: Սոցիալական ցանցերում շրջանառվող այդ լուրը բացարձակ սուտ է, մենք կապ չունենք այդ օբյեկտների հնարավոր պահպանության հետ»,- նշեց նա:

Մենք հիշեցրեցինք, որ մեկ տարի առաջ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի բոլոր անդամներին ոստիկանությունը բերման էր ենթարկել, ապա, փաստաթղթերի ստուգումից հետո, ազատ արձակել, քանի որ պարզվել էր՝ նրանք «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպությունից են: Արդյոք կա՞ այսօր Խաչատուր Սուքիասյանի և «Կամանդիր սեքյուրիթիի» կամ այդտեղի անվտանգային աշխատակիցների հետ նման համագործակցություն, Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Այո»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս