«ԱԱԾ-ն իրավասու չէր նախաքննություն իրականացնել Դավիթ Սանասարյանի գործով». փաստաբան Ինեսսա Պետրոսյան

Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօրվա դատական նիստում նոր միջնորդություն ներկայացրեց:  Ըստ փաստաբանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը գործել է ոչ իրավաչափ, դեպարտամենտի քննիչը  չէր կարող քննել Սանասարյանի գործը:  Փաստաբանը միջնորդությունը  հիմնավորեց այն հանգամանքով, որ Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական վերահսկողության ծառայությունը, որի պետը Դավիթ Սանասարյանն է (դադարեցված լիազորություններով),  ՀՀ վարչապետի ուղիղ ենթակայության տակ են, հետևաբար՝ ԱԱԾ քնչական դեպարտամենտն իրավասու չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի և նրա տեղակալների մասով նախաքննություն իրականացնել, քանի որ ՊՎԾ-ն, ինչպես ԱԱԾ-ն,  ևս գործադիրի մաս է: Պաշտպանական կողմի հիմնավորմամբ՝ քանի որ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտն օրենքի խախտմամբ է նախաքննությունն իրականացրել, հետևաբար՝ այդ ընթացքում ձեռք բերված ապացույցները ենթակա չեն օգտագործման:

Հիմք ընդունելով, որ ԱԱԾ-ն ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, և իրականացրել էր իր լիազորությունների մեջ չմտնող գործառույթ, փաստաբանը միջնորդեց դադարեցնել Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով:

Դատարանը միջնորդության վերաբերյալ մյուս ներկայացուցիչների կարծիքը կլսի 2020 թվականի փետրվարի 14-ին, 14:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս