ՊԵԿ-ի պարզաբանումը՝ հարկային մարմիններում զենք կրելու հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ:
Հանրային քննարկման դրված նախագիծը կոչված է վերոնշյալ հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին: Հիշեցնենք, որ հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002թ. և 2008թ.:
Ներկայում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի թիվ 656» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 201-Ն» որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կա՛մ ուժը կորցրած են ճանաչվել, կա՛մ փոփոխվել և լրացվել են:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային և մաքսային ծառայությունները ներառող մարմին է՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել միասնական ակտով:
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը: