Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:

Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորել են Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության գործունեության մարդու իրավունքների հարթությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացների համատեքստում երկուստեք բարձր է գնահատվել նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը և այդ ուղղությամբ ԺՀՄԻԳ ցուցաբերած շարունակական աջակցությունը:

Նախարարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի՝ ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքների պատշպանության, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի և ընդգրկի նաև հակամարտության տարածքներում ապրող մարդկանց:

Որպես Հայաստանի կառավարության օրակարգի կարևոր ուղղություն՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է կանանց և երեխաների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում երկրի հասարակական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավածության ընդլայնումը:

Տեսանյութեր

Լրահոս