Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, որը կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին՝ շրջանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
AXIOS լրատվական կայքը հայտնեց, որ 2019 թ․ նոյեմբերի 13-ին, երբ սենատոր Գրեհեմը լքում էր Սպիտակ տանը նախագահ Էրդողանի հետ տեղի ունեցող հանդիպումը, նախագահ Թրամփի օգնականներից մեկը նրան խնդրեց դեմ լինել Հայոց ցեղասպանության բանաձևին, որը հաստատվելու էր Սենատի կողմից՝ առանց նախապես անցնելու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Սենատոր Գրեհեմը AXIOS-ին ասաց, որ համաձայնել է արգելափակել բանաձևը, «քանի որ նա [Էրդողանը] դեռ քաղաքում էր․․․․ Դա ոչ հարմար ժամանակ էր: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե դա հնարավոր է»: Հարցին, թե արդյոք նա անհարմար չի՞ զգում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելափակելու համար, սենատոր Գրեհեմն ասաց AXIOS-ին․ «Այո, որովհետև ինձ դուր է գալիս Բոբը [Մենենդեսը]։ Նա երկար տարիներ աշխատում է դրա վրա, բայց ես մտածեցի, որ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, ավելին է, քան հանրությունը կարող էր ընդունել»։ Այնուհետև սենատոր Գրեհեմը հավելեց․ «Ես չեմ պատրաստվում հաջորդ անգամ դեմ լինել»։
Անցյալ ամիս «Պոլիտիկո» լրատվամիջոցը բացահայտեց, որ ռուս պրանկեր (հեռախոսային խուլիգան) Ալեքսեյ Ստոլյարովի հետ հեռախոսազրույցում, որն իրեն ներկայացրեց որպես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, սենատոր Գրեհեմն ասաց, որ ավելի քան պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ բարելավելու նրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Սենատոր Գրեհեմի խոսնակ Քեվին Բիշոփը հաստատեց «Պոլիտիկո»-ին, որ ռուս պրանկերը, իրոք, խաբել է սենատորին․ «Մենք հաջողությամբ կանխել ենք սենատոր Գրեհեմին և գրասենյակին խաբելու շատ փորձեր, սակայն այս անգամ հաջողվեց սողոսկել», ասաց նա։ «Նրանց հաջողվեց հասնել նրան»։ Փաստորեն, ռուս պրանկերն առաջին անգամ չէր խաբում սենատոր Գրեհեմին։
Հակասելով իր հրապարակային հայտարարություններին՝ սենատոր Գրեհեմը Թուրքիայի կեղծ պաշտպանության նախարարին ասաց, որ համաձայն է Թուրքիայի դիրքորոշման հետ, որ քրդերը «սպառնալիք» են: Գրեհեմը նաև ասաց, որ ինքը և Թրամփը դեմ են եղել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ ռուսական S-400 հրթիռային համակարգը գնելու համար:
Ահա մի քանի հատված հեռախոսազրույցից․
Պրանկեր․ «Որքան ես հասկանում եմ, նախագահ Թրամփը Ձեզ է վստահել այդ բանակցությունները», ասաց այն մարդը, որը Գրեհեմը ենթադրում էր, որ Աքարն է՝ ըստ 16-րոպեանոց հեռախոսազրույցի ձայնագրության։
Սենատոր Գրեհեմ․ «Այո, կարծես թե: Թույլ տվեք Ձեզ ասել, թե նա [նախագահ Թրամփը] ինչ է ասել ինձ. «Ես չեմ ցանկանում պատժամիջոցներ կիրառել մեր դաշնակից Թուրքիայի դեմ»:
Պրանկեր․ «Այո, բայց ի՞նչ է ասել նախագահ Թրամփը ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ»:
Սենատոր Գրեհեմ․ «Լավ։ Այսպես, նա ինձ ասաց զանգահարել նախագահ Էրդողանին և անել այս առաջարկը․․․ Ես չգիտեմ, թե ինչ կարող եմ ասել Ձեզ, բայց ես ամեն ինչ անում եմ, և նախագահ Թրամփը շատ կարեկցությամբ է վերաբերվում նախագահ Էրդողանի իրավիճակին, սակայն Կոնգրեսը կարեկից չէ։ Դեմոկրատներն ընդհանրապես չեն կարեկցում, և մենք այստեղ կորցրել ենք մի քանի հանրապետականների, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային: Իսկ Թուրքիան չափազանց արժեքավոր դաշնակից է վեճի մեջ մտնելու համար»։
Ըստ GQ ամսագրի՝ հուլիսի սկզբին ռուս պրանկերը զանգահարել էր սենատոր Գրեհեմին թուրքական բջջային հեռախոսից, որը նա գնել էր հատուկ այս առիթով։ Պրանկերն ասել էր Գրեհեմին, որ ինքը կծառայի որպես Թուրքիայի կառավարության հետ նրա համար շփման կետ: Սենատոր Գրեհեմը համաձայնել է հետ զանգել պրանկերին Թրամփի հետ խոսելուց հետո։
Սենատոր Գրեհեմը օգոստոսի 12-ին զանգահարել է պրանկերին և պարծենալով ասել․ «Ես հանդիպեցի նախագահին և հանգստյան օրերն անցկացրեցի նրա հետ։ Մենք երեկ գոլֆ խաղացինք, ճաշեցինք և խոսեցինք Թուրքիայում գտնվող մեր բարեկամների մասին, և ես նրան ասացի, որ ցանկությունս է փոխել խոսակցությունը և ձեզ վերականգնել F-35 ծրագրում, ինչպես նաև ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրն ու առաջ շարժվել նոր ուղղությամբ, և դա այն է, ինչ նա կցանկանա անել»։
«Իսկ Դուք նրան ասացի՞ք մեր խոսակցության մասին», հարցրեց պրանկերը։
«Այո», ասաց սենատոր Գրեհեմը․ «․․․Մենք ցանկանում ենք ավելի սերտ հարաբերություններ ունենալ նախագահ Էրդողանի հետ: Անձամբ ինձ դուր է գալիս նախագահ Էրդողանը։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփին դուր է գալիս նախագահ Էրդողանը։ Իմ կարծիքով նա ուժեղ մարդ է, և մենք պետք է գործ ունենանք ուժեղ մարդկանց հետ: Ուստի, կարծում եմ, որ հաջորդ բանը, որ պետք է արվի, այն է, որ երկու նախագահները խոսեն միմյանց հետ»:
Պրանկերը հարցրեց, թե ինչ պետք է զեկուցի նախագահ Էրդողանին։
«Ահա թե ինչ պետք է անենք», ասաց սենատոր Գրեհեմը: «Թույլ տվեք այսօր երեկոյան զանգահարել նախագահին: Ես վաղը կզանգահարեմ Ձեզ, և ահա թե ինչ եմ կարծում, որ պետք է անենք: Մենք պետք է հեռախոսազանգ ունենանք երկու նախագահների միջև… և ես կարծում եմ, որ խոսակցությունը կլինի․ Դուք կարող եք ասել նախագահ Էրդողանին, որ ես ողջ հանգստյան օրերերն անցկացրել եմ նրա հետ, և նախագահը չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Նրա կարծիքով դա խենթություն է։ Անձամբ ես կարծում եմ, որ դա խենթություն է։ Մեզ անհրաժեշտ է այն շրջանցելու ուղիներ գտնել»։
Սենատոր Գրեհեմը ռուս պրանկերի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև, որ նախագահ Թրամփն անձնական շահագրգռվածություն ունի Թուրքիայի պետական բանկի նկատմամբ, որը խախտել է ամերիկյան օրենքները՝ առևտուր անելով Իրանի հետ․․․ Ըստ «Բլումբերգի» զեկույցի՝ Թրամփը ասել էր այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ գլխավոր դատախազին խնդրել փակել իրանա-թուրքական ոսկու առևտրով զբաղվող Ռեզա Զարաբի դատական գործը, որը ձերբակալվել էր ԱՄՆ-ում ՝ թուրքական բանկի կեղծ գործարքում ունեցած դերի համար: Էրդողանը լոբբինգ էր արել ԱՄՆ պաշտոնյաներին՝ Զարաբին ազատ արձակելու համար։
Թեև հեռախոսազանգերի բացահայտումները ցնցող չեն, սակայն սա անվտանգության լուրջ խնդիր է՝ ռուս պրանկերը, որը հնարավոր է կապված է Կրեմլի հետ, կարող է որպես Թուրքիայի պաշտպանության նախարար խոսել Թրամփի մերձավոր կողմնակից սենատոր Գրեհեմի հետ, որն այնուհետև ռուսի ուղերձները փոխանցում է նախագահ Թրամփին։ Իսկ հետո սենատոր Գրեհեմը ԱՄՆ նախագահի հետ ունեցած իր խոսակցությունը փոխանցում է ռուսին։
Հաճախ ասում են, որ «քաղաքականությունը միավորում է տարբեր հայացքների տեր մարդկանց»։ Սա այնքան ճիշտ է Թրամփի և Գրեհեմի դեպքում, որոնք ոխերիմ թշնամիներից վերածվել են մտերիմ ընկերների։ 2016 թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Թրամփը Գրեհեմին անվանել է «խենթ», «անխելք» և «երբևէ իմ տեսած ամենահիմար մարդկանցից մեկը»: Իսկ Գրեհեմն իր հերթին Թրամփին անվանել է «խելագար», «խենթ» և «ապուշ»։ Այժմ նրանք մտերիմ ընկերներ են և միասին գոլֆ են խաղում․․․
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի