Ավստրալիայի հյուրանոցները պատրաստ են անվճար ընդունել հրդեհներից տուժածներին
Ավստրալիայի Բրանսուիկ-Հեդս ափամերձ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Բրիսբենից 150 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում, մոթելների եւ ընտանեկան հյուրանոցների սեփականատերերը միավորվել են, որպեսզի օգնության հասնեն անտառային հրդեհներից տուժածներին, որոնք ընդգրկել են մայրցամաքի հյուսիս-արեւելքը: Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է ABC ռադիոկայանը, քաղաքի 20-ից ավելի հյուրանոցներ իրենց դռներն են բացում հրդեհից տուժածների առջեւ, որպեսզի նրանք կարողանան անվճար հանգստանալ գետի ափին կամ ծովի մերձակայքում։
Հրավերի նախաձեռնողը, որը կստանան բոլոր նրանք, ովքեր անտառային հրդեհների ժամանակ կորցրել են իրենց ունեցվածքը, դարձել է ոչ մեծ հյուրանոցի սեփականատեր Սյուզեն Պատրիցիա Սթիրթոնը: «Մարդիկ պետք է շեղվեն այն բանից, ինչ իրենց հետ տեղի է ունեցել: Տարերային աղետն անհաղթահարելի ուժ է եւ հարկավոր է, որ մարդիկ պարզապես իրենց մեջ ուժ գտնեն դրանից հետո ապրելու համար: Գուցե մենք կկարողանանք փոքր-ինչ օգնել դրանում»,-պատմել է կինը ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ երբ առաջին անգամ առաջարկել է նման բարեգործական ակցիա անցկացնել, տեղի հյուրանոցների տերերի շրջանում հանդիպել է բազմաթիվ համախոհների: Տեղի բնակչուհի Վալերի Հարդիի խոսքով՝ գաղափարը, որը դեռ նոր էր հայտնի դարձել, համակել է գրեթե ամբողջ քաղաքը: Նույնիսկ նրանք, որոնց բիզնեսն առնչություն չունի տուրիստական սեկտորի հետ, ցանկանում են մասնակցել ակցիային, ներառյալ սրճարանների, հացաբուլկեղենի խանութների եւ վարսավիրանոցների տերերը:
Այժմ Բրանսուիկ-Հեդսում պատրաստվում են առողջարանային տարեշրջանի բացմանը, սակայն ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ արդեն Սուրբծննդյան տոների կապակցությամբ կսկսեն քաղաք ժամանել հրդեհներից տուժած առաջին ընտանիքները: Նրանք վստահ են, որ եթե ոչ մեծ քաղաքը գլուխ հանի նման հավակնոտ նախագծից, ապա այն անպայմանորեն օրինակ կդառնա ամբողջ Ավստրալիայի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: