«Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորում չունի….» ադրբեջանագետ

Ադրբեջանի հետ պետք է խոսել իր լեզվով: Այսպիսի կարծիք է հայտնում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի «բլոգերի»՝ ՀՀ վարչապետին հարց ուղղելն անվտանգության խնդիր է, և այդ «բլոգերները» ղեկավարվում են մի կենտրոնից, որն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր հետևում է, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում:

«Մտածել, որ ադրբեջանական ինչ-որ բլոգերներ շրջում են աշխարհով, մտնում են ինչ-որ տեղեր ու հարցեր տալիս, դա միամտություն կլիներ: Հայկական կողմը, հուսով  եմ, հասկանում է այդ հարցի լրջությունը և պատասխանում է նրանց, որպեսզի հաստատեն մեր ժողովրդավար լինելու փաստը: Հասկանալի է, որ ցանկացած մեկը՝ լինի շարքային քաղաքացի թե վարչապետ, կարող է բոլոր հարցերին խորապես չտիրապետել, և իր ասածները կարող են օգտագործվել իր դեմ հետագայում: Սա անվատնգության խնդիր է իր մեջ պարունակում: Այսօր «Ռամշանն ու Ջումշուդը» (բանախոսն այսպես է կոչում «բլոգեր» ներկայացած ադրբեջանցուն) հարցով մոտեցան, վաղը կարող են ռումբով մոտենալ»:

Գրիգորի Այվազյանը պնդում է՝ Հայաստանում պետք է ստեղծել ադրբեջանագիտական կենտրոն, որը կաշխատի ադրբեջանական սադրանքները չեզոքացնելու համար: Ըստ ադրբեջանագետի՝  ղարաբաղյան հարցում հայանպաստ լուծման հասնելու համար պետք է անընդհատ հիշել ու հիշեցնել նախապատմությունը: Անդրադառնալով վարչապետի հնչեցրած թեզին, թե՝ «Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», Գրիգորի Այվազյանն ասաց, որ նման բան հնարավոր չէ:

«Ադրբեջանը վաղուց է ասել, թե որ տարբերակն է ընդունելի իրենց համար: Ալիևը վերջերս Մարաղայի վերաբնակեցման ժամանակ, որը գրավել են հայերին համատարած վերացնելու միջոցով, ասաց, որ իրենք տեսնում են արցախյան հարցի լուծումը Մարաղայի օրինակով, այսինքն՝ ցեղասպանություն և վերաբնակեցում: Ինչ վերաբերում է ժողովուրդների երկխոսությանը, ապա ադրբեջանցի ժողովուրդը ձայնազուրկ է: Ադրբեջանի տեսակետը հնչել է ամենաբարձր մակարդակով, հիմա հարց՝ մեզ համար դա ընդունելի՞ է: Մի բան է ասելը, որ լուծումը պետք է եռակողմ ընդունելի լինի, մի այլ բան, թե ինչքանով են իրենք հաշվարկել  իրենց ասածները»:

Գրիգորի Այվազյանը հնարավոր չի համարում անգամ հարցի խաղաղ կարգավորումը: Պնդում է՝ դրանում դեռ կհամոզվենք:

«Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորում չունի, և այս խաղի մեջ կհաղթի նա, ով նոր պատերազմի ավելի պատրաստ կլինի, կա՛մ մենք, կա՛մ նրանք, կամ մենք Բաքվում կստորագրենք ֆաշիստական Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ պայմանագիրը մեր թելադրած պայմաններով, կամ Ադրբեջանը մեզ հանգիստ գոյատևել ու զարգանալ թույլ չի տալու այս տարածաշրջանում»:

Ինչ վերաբերում է Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե նախկիններն ուզում էին հանձնել Մեղրին, Գրիգորի Այվազյանը հակադարձում է.

«Որևէ հայկական իշխանություն չի կարող ինչ-որ բան զիջել, ոչ այն ժամանակ Մեղրին կարող էին զիջել, ոչ էլ հիմա: Զիջել՝ նշանակում է՝ վերցնել «փասա-փուսադ ու հայդա», և  դա՝ լավագույն դեպքում: Մի հարցի շուրջ մենք բոլորս միակարծիք ենք՝ հող զիջողին հողին կհանձնենք: Այս հարցում մենք դանդաղ շտապելու իրավունք չունենք, հեղափոխական փոփոխություններ են պետք»:

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ շուտով հայ լրագրողները Բաքու են գնալու, լինելու է նաև պատասխան այց՝ ադրբեջանցի լրագրողների կողմից: Սա հայտնի է դարձել ադրբեջանական թերթերից մեկի աղբյուրներից: Այն, որ ինֆորմացիոն արտահոսքը եղել է ադրբեջանական կողմից, Գրիգորի Այվազյանի համար զարմանալի չէ

«Թող գնան մեր լրագրողները, բայց չգնան Իլհամ Ալիևի լոլոները լսելու, թող հանդիպեն սովորական մարդկանց հետ, այցելեն Բաքվի ծայրամասերը, տեսնեն՝ ո՞նց են ապրում, թող փորձեն խոսել նրանց հետ, եթե ադրբեջանական լրագրողները համարձակվեն Հայաստան գալ, ես խորհուրդ կտամ, որ նրանք էլ նույնն անեն և տեսնեն, որ հայ ժողովուրդը խեղճացած չէ: Բայց ինչպես ասում են՝ քանի չես տեսել ջուրը, պետք չէ բոբիկանալ, դեռ պարզ չէ՝ կգնան, չեն գնա, մեկին կսպանեն, կխեղդեն, թե ինչ կանեն այդ այցի ժամանակ»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Տեսանյութեր

Լրահոս