Գյումրիում կլուծվի վթարային 4 բնակելի շենքի խնդիրները

Տարիներ անց Գյումրիում կլուծվի վթարային բնակելի շենքերի խնդիրը:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք է տվել նախարարությանը ուղղված Շիրակի մարզպետարանի՝ «Խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարային խնդրի լուծման առաջարկ»-ին: «Ի ուրախություն մեզ առաջարկն ընդունվել է և առաջիկա օրերի ընթացքում կստանանք ՀՀ կառավարության որոշման նախագիծը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Խիստ վթարային 4 շենքերից 3-ի բնակիչներին՝ Անտառավան 3-րդ թաղամաս 26 շենք, որն ունի 60 բնակարան, Իսահակյան փողոց 9 շենք՝ 50 բնակարանով և Ղուկասյան փողոց 29 շենք՝ 11 բնակարան, նախատեսվում է հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան մեծ 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը վթարային, նախատեսված է իրականացնել ամրացում-վերականգնում: Ինչպես տեղեկացնում է Ալբերտ Մարգարյանը, բացառությամբ Տիգրան մեծ 5 շենքի, մյուս երեք բնակելի շենքերը հետագայում կապամոնտաժվեն:

ՀՀ կառավարության որոշումը ստանալուց անմիջապես հետո մարզային կառույցի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան բնակիչների հետ վկայագրի արժեքի և ծրագրի այլ մանրամասներ քննարկելու համար: «Իմ կարծիքով սա շատ լավ տարբերակ է հատկապես որ 2003 թվականից հետո Գյումրիում վթարային շենքերի ամրացում-վերականգնում չի եղել, իսկ այս ծրագրով կունենանք 4 շենքի խնդրի լուծման տարբերակ: Անցած 15 տարվա ընթացքում սա եզակի դեպք է և մեծ քայլ Գյումրու վերակառուցման գործում»,-ավելացրեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս