«Ոստիկանների թիվը կարելի է 50-60 տոկոսով կրճատել և նրանց՝ որպես պայմանագրային, ուղարկել սահման». Գրիգոր Գրիգորյան

Մոտ մեկ տարի առաջ երկրի ղեկավարությունը որոշում կայացրեց, որ Ոստիկանության զորքերը ևս պետք է մեկնեն դիրքեր մարտական հերթապահության: Առաջին հերթափոխը սահման մեկնեց 2018-ի օգոստոսի 23-ին՝ պաշտպանելու Տավուշի մարզի մարտական դիրքերը:

168.am-ի տեղեկություններով` ոստիկանների շրջանում այսօր դժգոհություններ կան՝ ոստիկանի աշխատավարձով մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված, թեպետ դրա համար հավելավճար է տրվում:

Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ հարցին, թե որքա՞ն է կազմում մարտական հերթապահության համար ոստիկաններին տրվող հավելավճարը, պատասխանեց. «Իրենց հասանելիք հավելավճարները՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման, հավասարեցված է ՀՀ պաշտպանության նախարարության դիրքապահ պայմանագրային զինծառայողների ֆինանսական բավարարմանը»:

ՊՆ-ից մեզ տեղեկացրին, որ բոլոր գումարները միասին հաշված՝ պայմանագրայիններն ամսական մոտավորապես 170.000 դրամ են ստանում:

168.am-ի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը նախ նշեց, որ ոստիկանների թիվը կարելի է 50-60 տոկոսով կրճատել, և նրանց բոլորին ուղարկել սահման ծառայության՝ որպես պայմանագրային:

«Մեր երկրում այսօր բանակի չափ ոստիկանություն ունենք, որոնք չգիտես ինչով են զբաղված: Ավելորդ բեռ է մեր կառավարության և երկրի վրա: Բայց քանի որ հիմա արդեն իրենց ուղարկում են սահման, բնականաբար, պետք է այդ մարդուն նորմալ վարձատրեն: Ի՞նչ տարբերություն՝ ի՞նքը, թե՞ զինվորական պայմանագրայինը, այսինքն՝ համահավասար վարձատրություն պիտի լինի: Իհարկե, ոստիկանները հավելավճար ստանում են, կա հաստատված չափ մեկ օրվա մարտական հերթապահության համար: Այսինքն՝ կա նախանշված հավելավճար՝ կախված նրանից՝ այդ անձը շարքայի՞ն է, կրտսեր սերժա՞նտ, սերժա՞նտ, թե՞… Հիմա ոստիկանության յուրաքանչյուր աշխատող՝ ըստ իր կոչումի և պաշտոնի, պետականորեն նախատեսված կարգով ստանում է հավելավճար: Այստեղ կարող է լինել միայն հետևյալ տարբերությունը. ոստիկանության աշխատողի և զինվորականի դրույքաչափերը տարբեր են: Օրինակ՝ եթե ոստիկանության ծառայողի դրույքաչափը 50.000 է, նրանը կարող է լինել 100.000: Սրանում է տարբերությունը, թե չէ մարտական հերթապահության համար իրենք նույն հավելավճարն են ստանում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանի՝ սահման մարտական հերթապահության մեկնելու փաստին, պահեստազորի գնդապետն ասաց, որ մի կողմից՝ համամիտ է, մյուս կողմից՝ ոչ, ինչն էլ իր հիմնավորումն ունի:

«Որովհետև տվյալ զորամասը դիրքերում ամրաշինական կառույցներ է սարքել և մեկ էլ գալիս է մեկ այլ ստորաբաժանում կարճ ժամանակով՝ իր ծառայությունը կատարելու և գնալու, և եղածը սկսում է քանդվել, ու իրենցից հետո, երբ դրանք հանձնվում են տվյալ զորամասին, նորից տարիներով սկսում են վերականգնել այդ մարտական դիրքերը: Դրա համար, եթե տանում են սահման, թող մշտական կոնկրետ մի ուղղություն տան իրենց, և այն խնդիրները, որոնք դրվում են զինվորականների առաջ՝ համաձայն հրամաննների ինժեներական աշխատանքներ կատարելու, և այլն, նույնը թող ոստիկանների առաջ դրվի: Կանոնակարգված չի, պետք է կայուն ձևով կանոնակարգեն ոստիկանների մարտական ծառայությունը: Իսկ ամենաճիշտն արդեն ասացի՝ պետք է կրճատեն ոստիկանների քանակը, և նրանք՝ որպես պայմանագրային, գնան սահման»,- ընդգծեց Գրիգորյանը:

Այս համատեքստում Գրիգորյանը պնդեց՝ պետք է ստեղծել պայմաններ, որ առաջնագծում շատ քիչ քանակով ժամկետային զինծառայող ունենանք՝ անհրաժեշտության դեպքում միայն, երբ ուժեղացման կարիք զգացվի:

«Այսօր մենք ունենք ռեզերվ, ուստի պետք է նորմալ աշխատավարձ տալ: Եթե այսօր սահմանամերձ գյուղի բնակիչն իմանա, որ կստանա նվազագույնը 250-300.000 հազար աշխատավարձ, նա չի գնա խոպան: Իր գյուղում կմնա՝ 10 օրը մեկ դիրքեր բարձրանալով և այդքան աշխատավարձ ստանալով: Իր ծառայությունը կիրականացնի և երկիրը չի լքի: Կրկնում եմ՝ եթե պայմանագրային զինծառայողի աշխատավարձը լինի 300.000 դրամ, հաստատ պայմանագրայինների քանակը կկրկնապատկվի և նույնիսկ՝ ավելին կլինի, և կհասնենք նրան, որ առաջնագծում ոչ մի զինվոր չենք ունենա մի քանի տարի հետո: ՀՀ-ում այս առումով մարդկային ռեսուրսի քանակական խնդիր չկա»,- վստահեցրեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահը:

Այս համատեսքտում, սակայն, մեր զրուցակիցը համաձայնեց՝ պայմանագրային զինծառայության անցման պահանջները պետք է խստացվեն, և չպետք է դեր խաղա այն փաստը, որ տվյալ անձը սահմանամերձ գյուղի բնակիչ է, իր տանը մոտ է լինելու, ինչն իր բացասական կողմերն ունի:

«Դիրքերը լքելու դեպքեր 90-ականներին են եղել, հիմա նման բան չկա, այնտեղ, որտեղ ես եղել եմ, դու գիտես, ո՞վ կհամարձակվեր դիրքը լքեր: Իհարկե, պահանջները կարող ենք խստացնել, և մարդիկ անցնեն ծառայության: Այսօր Տավուշի մարզում պայմանագրային զինծառայություն են իրականացնում Աշտարակի, Թալինի և այլ տեղերի բնակիչները»,- եզրափակեց Գրիգոր Գրիգորյանը, ով 1992թ.-ից Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունն Արցախի ու ՀՀ-ի մի շարք սահմանապահ զորամասերում:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս