Որքան էլ փորձում ենք «ճիշտ» ապրել, միևնույն է, սայթաքումներ լինում են ու լինելու են
Կյանքը Աստծուց տրված պարգև է, ու մեզանից յուրաքանչյուրն այդ կյանքն ապրում է յուրովի՝ իր պատկերացումներին և արժեհամակարգին համահունչ: Որքան էլ փորձում ենք «ճիշտ» ապրել, միևնույն է, սայթաքումներ լինում են ու լինելու են: Կարևորը այն է, որ հասկանանք մեր արարքների հետևողականությունը: Փորձությունների մեջ մարդը հաճախ դժգոհում է ոչ թե չարից, սեփական սխալներից, այլ Աստծուց: Դեռ ավելին, մարդը սկսում է մեղադրել Աստծուն, որ թույլ է տվել՝ իր հետ փորձություն պատահի:
Սակայն, Աստվածաշունչը սովորեցնում է երկար մտածել ու հեռատես լինել, խուսափել այն ամենից, ինչը որ կարող է մեզ հոգեպես կամ այլ կերպ վնաս հասցնել։ Առակաց գրքում ասվում է. «Խորագետը տեսնում է գալիք չարիքը և խույս տալիս, բայց անզգամներն առաջ են գնում և տուժում» (Առակաց 27։12)։
Բացի նրանից, որ հարկավոր է հնարավորության դեպքում խուսափել փորձությունից, պետք է նաև կարողանալ դիմադրել փորձությանը։ Երբ Հիսուս փորձվեց Սատանայի կողմից, նա դիմադրեց այնքան ժամանակ, մինչև որ Բանսարկուն հեռացավ։ Հակոբոսը գրել է. «Հնազանդվեք Աստծուն և դիմադրե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Յակոբոս 4։7)։ Դիմադրությունը սկսվում է մեր միտքը Աստծո Խոսքով զորացնելով ու հաստատապես որոշելով, որ կառչած ենք մնալու աստվածային պատգամներին։
Հակոբոս առաքյալն իր թղթում ասում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1.2): Առաքյալը նաև սովորեցնում է, որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի (Հակոբոս 1.13): Ուրեմն, Աստված Ինքն ուղղակիորեն փորձություններ չի բերում, բայց նախախնամությամբ թույլ է տալիս, որ մարդն ընկնի փորձության մեջ` իր հետագա կյանքի օգտի համար:
Ի վերջո փորձության մեջ է, որ Աստված ճանաչում է մեզ: Գոյություն ունեն փորձությունների մեջ հայտնված մարդկանց հոգեվիճակների տարբերություններ. անհավատների համար դժվարին փորձությունները կորում են անհուսության մեջ, իսկ հավատացյալի համար փորձության ընթացքը լի է հույսով, իսկ վերջը՝ հաղթանակով:
Մարիետտա Խաչատրյան