Բաժիններ՝

«Ես խնդրել եմ իրանցի բողոքողներին մեզ ուղարկել տեսագրություններ, որոնք վկայում են իրանական ռեժիմի կողմից բողոքների ճնշման խիստ միջոցների մասին». Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 21-ին Իրանում բողոքողներին կոչ է արել Պետդեպարտամենտ այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք վկայում են իրանական իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին։

«Ես խնդրել եմ իրանցի բողոքողներին մեզ ուղարկել տեսագրություններ, լուսանկարներ եւ այլ տեղեկատվություն, որոնք վկայում են իրանական ռեժիմի կողմից բողոքների ճնշման խիստ միջոցների մասին»,- գրել է Փոմպեոն Twitter-ում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կհրապարակի այդ տվյալները եւ «պատժամիջոցներ կսահմանի խախտումների համար»:

Պետքարտուղարը Twitter-ում համանման հաղորդագրություն է հրապարակել նաեւ ֆարսի լեզվով, որում կոչ է արել իրանցիներին իրենց նյութերն ուղերկել Telegram մեսենջերի միջոցով՝ զետեղելով անհրաժեշտ կոնտակտները:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»:

Մինչդեռ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը՝ նպատակ ունենալով երկրի անվտանգության խարխլումը:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս