Բաժիններ՝

«Իմա՞ստը». քաղաքացին՝ Ամանորը նշելու համար 325 մլն դրամ տրամադրելու մասին

Այս տարի Երևանի ամանորը կարժենա 325 մլն դրամ: Այս թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարի ծախսված գումարը: Սա՝ այն դեպքում, երբ նոր տոնածառ այս տարի չի գնվելու: Անցած տարի 71 մլն դրամ տրամադրվեց դրա համար, և  պատասխանատուները հայտարարեցին, որ նոր տոնածառի կարիք չի լինի ևս 10 տարի: Կառավարության թույլտվությամբ այս տարի Ամանորը նշելու համար անհրաժեշտ գնումները կկատարվեն մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու: Այս թեմաների մասին 168.am-ը զրուցել է քաղաքացիների հետ:

«Կարելի էր դա Ավագանու հետ քննարկել և գտնել ճիշտ տարբերակը: Ռիսկեր, իհարկե, տեսնում եմ: Հեղափոխություն է տեղի ունեցել, բայց ժողովրդի մասնակցությունը պետական գործերին, քաղաքի գործերին  շատ քիչ է, պասիվ է»:

«Թող ծախսեն, թող սովորեն ծախսել: Թող անեն, թող չտանեն, չգողանան: Թող անեն՝ տեսնենք՝ ինչ են անում, սխալներ, իհարկե, թույլ են տալու, աշակերտներ են իրենք, էն տղեն դերասան է, քաղաքապետ չի եղել, թող սովորի, դառնա»:

«Քանի դեռ պարզ չէ, թե ի՞նչ են անելու, չեմ կարող ասել՝ շա՞տ է, թե՞ քիչ: Իհարկե, տոնական տրամադրությունը կարևոր է: Բայց եթե օրենքով նախատեսված էր մրցույթ հայտարարել, պետք էր մրցույթ հայտարարել»:

«Բյուջեն շատացել է, չի թալանվում, դրա համար ավելացրել են: Կարող ա էդ 325 միլիոնն արժի, որ ծախսում են»:

«Կարելի էր մի քանի տարի էլ համբերել, գումարները ներդնել ուրիշ տեղ, օրինակ՝ գործարանների վրա»:

«Մի քիչ շատ է, կարելի էր ուրիշ նպատակներով ծախսել: Մեկ անձից գնում կատարելու մեջ ես կոռուպցիոն ռիսկ տեսնում եմ: Լավ չեն աշխատում, էլի»:

«Ավելի լավ էր՝ թոշակառուների մասին մտածեին»:

«Պետք է տոնական տրամադրություն ապահովել քաղաքում, բայց կարծում եմ՝ շատ է այդ գումարը: Մեկ անձից գնում կատարելու գործում կոռուպցիոն ռիսկ կա, չի կարելի այդքան մեծ ծախսով գնումները մեկից կատարել, միշտ ինչ-որ պղտոր բան կա հետևում»:

«Շատ է, ինչի՞ համար են ծախսելու, դա հետաքրքիր է: Չեմ կարծում, թե կոռուպցոն ռիսկ կա, բայց դրա փոխարեն՝ կարելի էր ժողովրդի սոցիալական վիճակը  բարելավել, այդքան անտուն մարդիկ կան, թող տնով ապահովեին, իրենց գերագույն  նպատակը դա պետք է լիներ»:

«Իմա՞ստը, կարծում եմ՝ պետք չէր»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս