«Եթե ԿԳՄՍ նախարարը խնդիր ունի ՀՅԴ-ի հետ, թող լուծի ԳՄ-ի հետ, ոչ թե մեզ կապի քաղաքական գործընթացների հետ». Գևորգ Գյուլումյան
ԵՊՀ-ում շարունակվում է դասադուլը: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, արդեն 13-րդ օրն է, չեն վերադառնում լսարաններ, պատճառը՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների պարտադիր բաղադրիչը հանելու նախագիծն է: Երեկ այս հարցերը քննարկելու և խնդրի լուծման տարբերակներ առաջարկելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպել ԵՊՀ մի շարք դասախոսներ: Դասադուլի կազմակերպիչ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանն ասում է՝ երեկ հանդիպմանը հենց ԿԳՄՍ շենքի դիմաց ուղիղ եթերում են հետևել, և այնտեղ քննարկում չեն տեսել:
«Դա քննարկում չէր, այդտեղ քննարկվող որևէ բան չկար: Ըստ էության՝ Արայիկ Հարությունյանը պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրել էր իր մոտ ապացուցելու, ասելու, որ՝ Ձեր ասածը մեկ է ինձ համար, ինչ ուզեմ, ոնց ուզեմ՝ կանեմ: Արայիկ Հարությունյանի պահվածքը դրա մասին էր խոսում: Կրթության, մշակույթի պատասխանատուն խոսում է մեր «լպիրշ» պահվածքի, բառապաշարի մասին, բայց ինքն ակադեմիկոս մարդու հետ խոսում է հեգնանքով, պրոֆեսորադասախոսական կազմի հետ խոսում է արհամարհական՝ գրիչ թափահարելով»,- ասաց նա :
Հանդիպման ժամանակ նախարարին հարց է ուղղել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Ռիտա Սաղաթելյանը, ում եղբոր որդին՝ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն է: Նախարար Արայիկ Հարությունյանը դասախոսի հարցին ի պատասխան՝ ասել է՝ «Հիմա ձեր քաղաքական թիմին գամ․․․», և ավելացրել է, որ քրեական գործեր հարուցելու նպատակով հարցում է ուղարկել և սպասում է պատասխանների:
«Եվ Արայիկ Հարությունյանը խոսում է չքաղաքականացնելու մասին, ի՞նչ կապ ունի դասախոս Ռիտա Սաղաթելյանն իր եղբոր տղայի կուսակցության Գերագույն մարմնի հետ: Դա, կներեք արտահայտությանս համար, «մանղալչու» պահվածք ու «մանղալչու» բառապաշար էր, դա նախարարին պատիվ չբերող, նախարարությանը պատիվ չբերող բառապաշար էր: Լուրջ մտավորականներ էին հավաքվել, որոնք տասնամյակներ շարունակ գիտությամբ են զբաղվել, և եկել է մի մարդ, որը իր կյանքի ընթացքում ունի ընդամենը 6 գիտական հոդված, ով լիարժեք չի տիրապետում հայերենին և այդ մարդկանց հետ արհամարհական է խոսում»,- ասաց Գյուլումյանը:
Քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել էր ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանին և հիշեցրել էր՝ «Սրապիոնյանը, որին ուզում էիք այսօր բերել այստեղ հարցազրույցի, նախարարին և նախարարությանը «երիտթուրք» է անվանում»: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանն անընդունելի է համարում տարիների վաստակ ունեցող դասախոսի մասին նման արտահայտություններ անելը:
«Եթե Արայիկ Հարությունյանին և Սերժ Սրապիոնյանին բաժանի մեկ մետր հեռավորություն, ապա Արայիկ Հարությունյանի լեզուն կկապվի: Մարդու բացակայության դեպքում նման կերպ խոսել տարեց, պատկառելի մտավորականի մասին, մարդու, որը սերունդներ է կրթել, նախարարներ է կրթել, դա անընդունելի է»,- ասաց նա:
Գևորգ Գյուլումյանն իրենց պայքարի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնողներին համեմատում է ձվի մեջ մազ փնտրողների հետ: Վստահեցնում է՝ իրենց պայքարը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, և իրենք չեն պատրաստվում որևէ մեկին թույլ չտալ միանալ իրենց բողոքի ակցիային.
«Թող ուրիշը կազմակերպեր, ես ուրիշի հետ էլ կհամագործակցեի, եթե հիմա ԲՀԿ-ի երիտթևից մեկը գա մասնակցի, մենք պետք է ասենք՝ գնա՞, եթե անկուսակցական մեկը գա, ես պիտի ասեմ՝ դու քաղաքական հայացք չունես, գնա՞, մեր շարքերում ընդգծված իշխանամետ հայացքներ ունեցող մարդիկ կան, հիմա ընդունե՞նք, որ կազմակերպողն իշխանությունն է, դա անհեթեթ պնդում է: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ տեսնելը մեկապարանոց պնդում է:
Եթե նախարարը խնդիրներ ունի Դաշնակցության հետ, ուրեմն խնդիրներ ունի ՀՅԴ Գերագույն մարմնի հետ, թող այդ խնդիրները լուծի Գերագույն մարմնի հետ, ոչ թե 18 տարեկան աղջկան կապի քաղաքական գործընթացների հետ, մեզ՝ նույնպես: Մենք ի՞նչ կապ ունենք քաղաքականության հետ: Շատերն են շատ բան ասում: Մեկն էլ ասաց, որ կաշառք ենք բաժանում, ո՞ւր են ապացույցները, հազար անգամ ասել ենք՝ բերեք ապացույցներ, եթե քաղաքականացված ենք, ո՞ւր են ապացույցները: Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ ամեն մարդ ունի տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընկերներ, այնքան փոքր է, որ բոլորը քաղաքականացված են, ապաքաղաքական մարդ չկա: Ի՞նչ անենք, կորչե՞նք այստեղից: Այս ամենը ծաղր է դառնում»:
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գիտության ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են, Կառավարության և, ըստ էության, ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու:
«Նախ կուզեի իմանալ՝ վարչապետն ո՞ւմ նկատի ունի, ո՞վ է կախվում, եթե այս պահին կախված մեկը կա, դա ԿԳՄՍ նախարարն է, շատ ամուր է կախվել, և չգիտեմ՝ այդպես կախվելով՝ մինչև ո՞ւր է հասնելու և ժողովրդի ինչի՞ց է կախվելու, և հետո սա բարեփոխում չէ, սա առաջընթաց չէ, հետընթաց է, մայրենի լեզուն, պետական լեզուն մի երկրում, որտեղ բացարձակ մեծամասնությունը հայեր են, հայերենը սարքել կամընտրական, ի՞նչ մոտեցում է դա: Մի կերպ եմ ինձ զսպում, որ միտում չտեսնեմ հայոց լեզուն հետ մղելու, մի կերպ եմ ինձ զսպում, որ չհայտարարեմ, որ այստեղ տեսնում եմ քաղաքականություն՝ ուղղված մեր լեզվի դեմ, պատմության դեմ»,- ասաց նա:
Ուսանողների դասադուլն անժամկետ է: Գևորգ Գյուլումյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականն ի սկզբանե «Կամ-կամ» ձևաչափով են պահանջել:
«Նախարարը կամ աշխատում է ըստ էության, կամ մենք, այո, պահանջում ենք նրա հրաժարականը, եթե ինքը լսում է մեր պրոֆեսորադասախոսական կազմի հորդորները, պահանջները, խնդրանքները, հաշվի է նստում բերված հիմնավոր փաստերի հետ, իհարկե, մեր պահանջները կփոխվեն, որովհետև մենք միտում չունենք սա դարձնելու հակակառավարական շարժում, նման միտում չկա»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ