
«Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպան եղած երիտասարդի մահվան կապակցությամբ ՄԻՊ–ը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ

Նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի գրասենյակը:
Ինքնասպանության ենթադրյալ դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ, նախապատրաստվել են իրավասու պետական մարմիններին ուղղված գրություններ: Նոյեմբերի 18-ին Պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում արձանագրվել է, որ 2017 և 2018 թվականների մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի կայուն ցուցանիշը վկայում է դրանց պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելմանն ուղղված իրավասու պետական մարմինների կողմից համակարգային առումով ոչ բավարար աշխատանքի մասին:
Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ մահվան և հատկապես ինքնասպանության դեպքերի առնչությամբ չեն կատարվում անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ դրանց պատճառների վերհանման ուղղությամբ, իրավասու պետական մարմինների կողմից կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում նման դեպքերի կանխարգելմանն ուղղված, միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր և ռազմավարություններ ներդնելու ուղղությամբ:
Չափազանց կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները, իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ: