Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը և ՀՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Կունիո Միկուրիայի այցը մեր երկիր և մասնակցությունը համաժողովին, ինչը վկայում է Հայաստանի կառավարության և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումների, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մաքսային ոլորտում լուրջ բարեփոխումներ է իրականացնում, որոնք միտված են էական փոփոխությունների արձանագրմանը և գործարար միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Նշելով, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նա կարևորել է Երևանում տարածաշրջանային մաքսային փոխգործակցության հնարավորություններին նվիրված համաժողովի անցկացումը և ողջունել է Հայաստանում մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, արձանագրված առաջընթացը, որոնց ծանոթացել է համաժողովի ընթացքում: Կունիո Միկուրիայի խոսքով՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել կազմակերպության անդամ մյուս երկրների համար:

Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «Մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր: Խոսելով կառավարության բարեփոխումների մասին՝ վարչապետն անդրադարձել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմանը, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով իրականացվելու են և՛ մաքսային, և՛ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող պետական գործառույթները: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է կառավարության բարեփոխումները և փորձագիտական, մասնագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնել: Երկուստեք կարևորվել է մաքսային գործառույթների կարևորությունը, որը կխթանի տնտեսական ակտիվությունը նաև մարզերում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս