Բաժիններ՝

Իրանի զինված ուժերը խոստացել են միջամտել երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնալիքի դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության` նոյեմբերի 18-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ։ «Անվտանգության ամեն տեսակ սպառնալիքների եւ կայունության խախտմանն ուղղված գործողությունների շարունակվելու դեպքում վճռական պատասխան կտրվի»,-ԻՀՊԶ-ի հայտարարությունը մեջբերել է ISNA գործակալությունը:

ԻՀՊԶ-ն ընդգծել է «իշխանության բոլոր թեւերի միասնության պահպանման կարեւորությունը ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման»: Զորակազմը նշել է, որ ինքն իրավունք ունի միջամտել երկրի ներքին գործերին անվտանգության եւ պետության ներսում իրադրության անկայունացման սպառնալիքների առկայության դեպքում: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչեւ 15 հազար ռիալ) ավելացել է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում:

Նոր կանոնների համաձայն, ավտոմեքենայի տերն այդ գնով ամսական կարող է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին, մոտոցիկլետի տերը՝ 25 լիտր: Առանձին բաժնեչափ է նախատեսված տաքսիստների համար՝ 400 լիտր: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում: Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս