
Սերբիայի նախագահին դուրս են գրել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը դուրս է գրվել Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայից (ՌԲԱ), ուր նրան նոյեմբերի 15-ին հոսպիտալացրել էին կարդիովասկուլյար խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի ազգային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ նախագահի վիճակը կայուն է, եւ նա հիվանդանոցից դուրս է գրվել տուն: Ավելի վաղ նախագահի՝ ԶԼՄ-ների հարեցերով խորհրդական Սուզանա Վասիլեւիչը պատմել է, որ Սերբիայի ղեկավարը բոլոր հիվանդությունները տանում է ոտքի վրա, սակայն այս անգամ իրադրությունն այնքան լուրջ էր, որ նա ինքն է դիմել օգնության: Վուչիչի առողջության կապակցությամբ անհանգստություն են հայտնել աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ Էմանուել Մակրոնից մինչեւ Անգելա Մերկելը, հայտնել է խորհրդականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը, Սերբիայի ղեկավարի կյանքն սպառնալիքի տակ էր, սակայն ՌԲԱ-ի բժիշկները փրկեցին նրան: Նախարարի խոսքով՝ Վուչիչը սրտի հետ կապված ոչ մեծ խրոնիկական խնդիրներ ունի, բայց նոյեմբերի 15-ի երեկոյան տեղի է ունեցել նրա վիճակի լուրջ վատացում, եւ նա որոշել է դիմել բժիշկներին: Վերջիններս եզրակացրել են, որ նախագահի կյանքը վտանգված է: ՌԲԱ-ի աշխատակիցները շտապ կարգով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, իսկ նախագահի օրգանիզմը լավ է արձագանքել թերապիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: