«Ռոբերտ Քոչարյանի նստելն այսօր սիմվոլիկ է, որ ցույց տան՝ հեղափոխությունն իմաստ ուներ, որ Նիկոլ Փաշինյանի լինելն իմաստ ուներ». Սևակ Թորոսյան
«Մեկ անձի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքից է կախված Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջ դատավարությունը: Այսօր դատական անկախության մասին ոչ մեկը չի կարող խոսել, չկա նման բան: Ինձ համար զարմանալի է, թե դատավորն ինչպես է վարում դատական նիստը»,- խոսելով Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը՝ հավելելով, որ այսօր դատական խախտումները Հայաստանում դարձել են նորմալ երևույթ:
Ըստ Թորոսյանի՝ եթե մի դատավոր փորձի արդար որոշում կայացել, ու եթե դա վարչապետի ուզածով չէ, ապա այդ դատավորը լավ գիտի, որ իրեն 3 բան է սպասվում՝ խուզարկություն, քրեական գործ և ճնշումներ:
«Դատավորների պատերազմ պետք է սկսվի, դա միակ բանն է, որով կարող են դատական անկախությունը վերականգնել»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նրա՝ դատավորների պատերազմը պետք է նախ սկսեն դատական բարձրագույն կառույցները: Նախ պետք է հայտարարեն, որ դատարաններն անկախ են, հետո՝ անդրադառնան նաև առանձին գործերին:
«Դատավորը զինվոր է: Պետք է նայել մյուս երկրների դատավորների անկախության պատմությունը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում այստեղ, եղել է շատ երկրներում: Պատերազմի խնդիր է: Եթե դատավորը չանկախանա, այս իրավիճակում ես ապագա չեմ տեսնում»,- ասաց փաստաբանը:
Ֆրանսահայ փաստաբանը, մեկ տարի է, գործի մանրամասների մասին տեղեկացնում է նախագահ Մակրոնին ու միջազգային այլ մարմինների:
«Նամակ էի գրել նախագահ Մակրոնին՝ առանց պատասխանի սպասելու, ավելի քան մեկ ամիս առաջ նամակն ուղարկել էի, որով ասում էի, թե ինչ է տեղի ունեցել ողջ մեկ տարում: Մի քանի օր առաջ Մակրոնից նամակ ստացա, ու ասում էր, որ վստահ եղեք՝ Ֆրանսիան շատ մոտիկից է հետևում Քոչարյանի դատավարությանը»,- Հայաստանից դուրս իր պաշտպանական մեխանիզմը ներկայացնելիս՝ ասաց փաստաբանը, հավելելով, որ նամակում ներկայացրել է գործով 30 խախտումները:
Փաստաբանի համար զարմանալի է եղել Մակրոնից պատասխան ստանալը, այն էլ՝ նման պատասխան: Ասում է՝ եթե ինքը լիներ նախագահ, այլ բան կասեր: Կասեր, օրինակ, որ՝ արտոնված չեմ այլ երկրի դատավարություններին խառնվել, այն էլ այն դեպքում, երբ, ըստ Թորոսյանի, Մակրոնը հաստատ գիտեր, որ պատասխան նամակն իր գրասենյակի չորս պատերի մեջ չի մնալու:
Փաստաբանն ընտրել է Ֆրանսիան ոչ միայն այն բանի համար, որ ինքը Ֆրանսիայում է աշխատում, այլ՝ որովհետև 200 տարուց ավելի է՝ Ֆրանսիան իրեն հռչակել է մարդու իրավունքների երկիր: Թորոսյանը վստահ է, որ Հայաստանում գտնվող բոլոր երկրների դեսպանություններն իրենց իշխանություններին տեղեկացնում են գործի բոլոր մանրամասների մասին, բայց հավանաբար արտերկրում ոչ մի քայլ չեն անում, քանի որ չեն ուզում հիմա խառնվել հեղափոխական Հայաստանի գործերին:
Թորոսյանը ներքին դատական ատյաններից սպասելիքներ չունի: Ասում է՝ Եվրոպական դատարանում էլ գործընթացները երկար են տևում, ինչին հակադրում են քաղաքական դատերը, որոնք արագ են տեղի ունենում ու տեղի են ունենում մարդկանց համար: Այդուհանդերձ, Թորոսյանը ներքին դատական ատյաններից անկախ դատավարություն կսպասի, եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարի հետևյալը.
«Ներքին դատական ատյաններից անկախ դատավարություն կսպասենք, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը Ֆեյսբուքում ուղիղ միացմամբ ասի, որ դատավորներն անկախ են, որ դատարանների մուտքերը չպետք է փակվեին, որ Դավիթ Գրիգորյանի գործը սարքել են: Եթե երազենք, որ նման բան լինի, գուցե փորձենք հավատալ, որ անկախ դատավարություն կարող է լինել»:
Թորոսյանի համար ընտրովի դատական գործընթացի մասին է խոսում նաև Քոչարյանի խափանման միջնորդությունների մերժումը: Փաստաբանը վստահ է՝ «ապտակը կարող է միայն դրսից գալ»:
Ըստ փաստաբանի՝ արդար դատավորը պետք է Ռոբերտ Քոչարյանին վաղուց ազատ արձակած լիներ:
«Ռոբերտ Քոչարյանի նստելն այսօր սիմվոլիկ է. սիմվոլիկ, որ ցույց տան, որ հեղափոխությունն իմաստ ուներ, որ Նիկոլ Փաշինյանի լինելն իմաստ ուներ: Հայաստանում վերադառնում է «մատաղը»: Հայաստանն այսօր մարդազոհությունների շարքին է դասվել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս գործով որոշել էր զբաղվել, քանի որ հավատացել էր հեղափոխությանը:
«Հեղափոխության առաջին փուլն ուրախությունն էր, ես էլ էի ուրախացել, 2018 թվականի հուլիսին եկել էի Հայաստան ու չորս հատ գլխարկ էի գնել՝ «դուխով» գրությամբ: Հիմա չգիտեմ, թե ուր են դրված այդ գլխարկները»,- ավարտելով իր խոսքը՝ ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ