Իրաքցի հասարակական գործիչը՝ իրաքյան հակակառավարական ցույցերի մասին

Շուրջ մեկ ամիս է՝ Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Երեկ գործադուլավոր իրաքցիները փակել են երկրի մի շարք շրջանների կենտրոնական կամուրջները և պողոտաները:

Միջազգային մամուլը պարբերաբար արձանագրում էր նաև ցուցարարների շրջանում սպանվածների ու վիրավորների մասին:  Բողոքողների դեմ բռնությունների դադարեցման պահանջով Իրաքի իշխանություններին էին դիմել Միացյալ Նահանգները և  Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը և հորդորել անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչպես խոստացել էր նախագահ Բարամ Սալեհը:

168.am-ն այս իրադարձությունների շուրջ զրուցեց իրաքցի հասարակական գործիչ դոկտոր Ջավադ Ալ-Բեյդանիի հետ, ով ներկայացրեց իրավիճակը.

«Ակնհայտ է, որ կառավարության կողմից թույլ տրված սխալները բարդացնում են նրանց և քաղաքացիների միջև փոխհարաբերությունները, քանի որ այդ սխալները զգալիորեն նպաստեցին տնտեսական կառուցվածքի ոչնչացմանը»:

Անդրադառնալով ցույցերի ժամանակ սպանված ու վիրավոր  ցուցարարներին՝  նա նկատեց, որ կառավարության ամենամեծ սխալը խաղաղ ցուցարարների դեմ արյունալի և ամոթալի գործողությունն է.

«Պաշտոնյայի գործը ժողովրդի կարիքը բավարարելն է, ոչ թե նրան սպանելը»:

Ջավադ Ալ-Բեյդանին համոզված է, որ, եթե  կառավարությունը հրաժարականը չտա, իրավիճակը կհանգի քաղաքացիական պատերազմի:

Նշենք, որ հոկտեմբերի սկզբից Իրաքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի: Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 300 մարդ, վիրավորվել են հազարավորները։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս