
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» բողոքներից վնասը կազմել է 2,5 մլրդ եվրո. RTL

«Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Ֆրանսիայի առեւտրականներին եւ պետական բյուջեին: Ցույցերի սկսվելուց մեկ տարի անց իշխանություններն այն գնահատում են 2,5 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել է RTL ռադիոն՝ վկայակոչելով հանրապետության կառավարության տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ մեկ տարվա ընթացքում ցուցարարների ագրեսիվ գործողություններից տուժած 5 հազար արտադրողներ եւ առեւտրային ձեռնարկություններ դիմել են պետության օգնությանը, որպեսզի խուսափեն բիզնեսի փակումից: Մասնավորապես, նրանք խնդրել են հետաձգել սոցիալական ապահովության հիմնադրամի եւ այլ հարկերի վճարումները 460 մլն եվրոյի չափով: Ապահովագրական ընկերություններն անցած մեկ տարվա ընթացքում 230 մլն եվրոյի փոխհատուցումներ են վճարել 13 հազար ձեռնարկությունների:
«Դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով ձեռնարկությունների փակումը կամ ավերածություններից հետո դրանց վերականգնումը հանգեցրել է ամբողջ երկրում 75 հազար աշխատողների գործազրկության: Ամենից ավելի տուժել են հյուրանոցներն ու ռեստորանները, ինչպես նաեւ խանութներն ու տրանսպորտը: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ակցիաներն սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին:
Սկզբնապես դրանք անցկացվում էին ի նշան ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի: Առաջին ակցիան, կազմակերպիչների տվյալների համաձայն, հավաքել է 282 հազար մասնակից, այդ ժամանակվանից բողոքողների թիվը շարունակաբար նվազում է: Հասարակական արշավի մասնակիցների պահանջների ցուցակը ներառում է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական պահանջներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: