«2020թ. բյուջեն որևէ աղերս չունի Փաշինյանի հռչակած համահայկական նպատակների հետ. ես այս նախագծին դեմ եմ քվեարկելու». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի  պատգամավոր Արման Բաբաջանյանի համար 2020 թվականի բյուջեի նախագիծը ո՛չ հոռետեսական է, ո՛չ լավատեսական, ավելին, ոչ էլ հեղափոխական է, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Բաբաջանյանը՝ ցավով նշելով, որ այս նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական համակարգային նպատակներ, չկա նաև ստեղծարարություն և նորարարություն։

«Սա բյուջե է ոչ թե՝ տնտեսական համամասնությունների փոփոխության, այլ՝ նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին, և դա՝ այն դեպքում, երբ Հայաստանի հասարակությունը թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժին համակարգային փոփոխություններ անելու քարտ-բլանշ է տվել»,- ասաց  Արման Բաբաջանյանը։

Անկախ պատգամավորի խոսքով՝ թեև վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում հռչակեց 2050 թվականի համար մի քանի կարևոր համահայկական նպատակներ, որոնց հիմքերն արդեն պետք է դրվեին այս բյուջեի նախագծում, մինչդեռ այն որևէ աղերս չունի այդ նպատակների հետ։

«Հեղափոխական կառավարությունն իրավունք չունի առաջնորդվելու պահպանողական ծրագրերով. դա հակասում է քաղաքագիտական տրամաբանությանը»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ դեմ է քվեարկելու նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս