«Փառք ու պատիվ մեր ուսանողներին, որ այդպիսի հայտարարություններից չեն կոտրվում». Նարինե Ներսիսյանը՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հայտարարության մասին

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Հայ բանասիրության, Պատմության, Սոցմանկավարժության ֆակուլտետներին՝ իրենց քաջության և ազգային արժեքներին հավատարիմ լինելու համար»,- «168 TV»«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Նարինե Ներսիսյանը:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դասադուլի վերաբերյալ ասել է. «Ես չեմ բացառում, որ կարող է լինել համընդհանուր դասադուլ, բայց համոզված եմ՝ դա չի լինի օրենքի նախագծի դեմ, այլ  կլինի հավեսի համար»: Նարինե Ներսիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նման հայտարարությունը չի նսեմացնում իր նշած արժեքները կրող ուսանողներին:

«Ես ասում եմ՝ փառք ու պատիվ մեր ուսանողներին, որ այդպիսի հայտարարություններից չեն կոտրվում, չի կոտրվում նրանց ոգին: Մեր պատմության մեջ երիտասարդությունը, ուսանողությունը մնալու է՝ որպես հայի ինքնության սերմ: Ես այդպես եմ նայում մեր ուսանողներին: 1.5 տարի առաջ հեղափոխություն էր անում այս ուսանողությունը, և բոլորս ծափահարում էինք, թե ինչպիսի ուսանողություն ունենք, այսօր էլ եմ ես հպարտանում մեր ուսանողությամբ, որ ունի այնպիսի ոգի, որ կարող է ոչ մի հայտարարության կուլ չգնալ և պահպանել իր նախնիներից ժառանգածը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նարինե Ներսիյանը մեկօրյա գործադուլ հայտարարած դասախոսների շարքում է: Դասախոսները, ըստ նրա՝ ակնկալում են, որ իրավասու մարմինները կսկսեն երկխոսություն, ինչպես հայտարարել են, շահագրգիռ անձինք կնստեն սեղանի շուրջ ու կփորձեն բարձրացված հարցերին լուծում տալ:

Նարինե Ներսիսյանն ընդգծեց. «Եթե ուզում ենք, որ Եվրոպայից հայը գա Հայաստան, ապա նա հաստատ չի գա խեղաթյուրված Եվրոպա, այլ կգա մի Հայաստան, որտեղ հավատարիմ են ազգային արժեքներին, իսկ լեզուն ազգային մեծագույն արժեք է, ազգապահպանության հզոր գործիք: Այնտեղ, որտեղ հայն ինչ-որ պահերի չի կարողացել հաղթել զենքով, հաղթել է մեկ ուրիշ զենքով՝ լեզվով: Ինչո՞ւ մեզնից հզոր պետություններ այսօր չկան»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսներն ուսանողությանն ու իշխանություններին ուղղված հայտարարություն են տարածել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«1. ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթին:

2. Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա գործադուլ՝ որպես միաբանության քայլ:

3. Նախատեսում և ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիր, իրավասու կողմերի և, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների: Հորդորեցինք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս