«Ոսկանյան պարֆյումս». օծանելիքի հայկական նոր բրենդը Փարիզ է հասել

Պատկերացում, սեր ու մի քիչ տաղանդ. «Ոսկանյան պարֆյումս» բրենդի հիմնադիր Ծովակ Ոսկանյանի կարծիքով՝ այս երեքի խառնուրդից է ծնվում օծանագործը: Մասնագիտությամբ տնտեսագետ պարֆյումերն արդեն մոտ հինգ տարի  ապրում է բույրերի աշխարհում: Ծովակ Ոսկանյանը պատմում է՝ բույրերը ստեղծվում են ոգեշնչումից:

«Հեղինակը, ստեղծողը, նախ և առաջ՝ ոգեշնչվում է ինչ-որ բանից, կամ ոգեշնչումը հենց ինքնին կարող է լինել հեղինակի ներսից, առանց որևէ արտաքին աղբյուրի, և այդպես բյուրեղանում, նյութականանում է բույրը, սկզբնապես՝ մտքում, հետո արդեն՝ լաբորատորիայում ՝ եթերային յուղերի և այլ բուրավետ նյութերի միջոցով»,- պատմում է Ծովակ Ոսկանյանը:

Չորս տարի ակտիվ փնտրտուքներից հետո Ծովակ Ոսկանյանն անցած տարի ստեղծել է իր առաջին օծանելիքը: Մինչ այդ եթերայուղերի ուսումնասիրությամբ էր զբաղվում: Հայ պարֆյումերը բացառիկ է նրանով, որ օծանելիքի համար անհրաժեշտ  յուղերն ինքնուրույն է թորում՝ հաճախ իր իսկ աճեցրած բույսերից: Փորձերի ընթացքում օծանագործը հասցնում էր նաև ընթերցել՝ Ֆրիդրիխ Նիցշե:

«Նիցշե էի կարդում բույրերի ստեղծման ժամանակ, այնտեղ հանդիպեցի մի միտք, որն ասում է. «Այն ինչ ծնվում է սիրուց, ծնվում է բարուց և չարից անդին»: Այդտեղ ես տեսա հատում իմ գաղափարախոսության և Նիցշեի փիլիսոփայության միջև, դրա համար անվանումները գնացին ըստ հեղինակի համանուն ստեղծագործությունների: Այս պահին ներկայացված են երեք հեղինակային բույրեր. առաջինը՝ «Բարուց և չարից անդին», երկրորդը՝ «Թափառականն ու իր ստվերը» և երրորդը՝ «Ecce Homo»՝ լատիներենից թարգմանաբար՝ «Ահա մարդը»»:

Տնտեսագետ և օծանագործը նաև հոբբի ունի, աստղերն է ուսումնասիրում, դեռ ավելին, մյուսներին էլ ցույց է տալիս։ Բյուրականի աստղադիտարանում է աշխատում, բայց իր հիմնական աշխատանքն օծանելիք ստեղծելն է։ Ծովակ Ոսկանյանի օծանելիքները մասնակցել են աշխարհի երկու հեղինակավոր պարֆյումերային ցուցահանդեսների՝ Միլանում և Ֆլորենցիայում, հիմա դրանք վաճառվում են Փարիզում՝ Jovoy Paris օծանելիքի ամենահայտնի խանութներից մեկում:

«Համագործակցությունը ստացվել է Իտալիայի հեղինակավոր ցուցահանդեսներին մասնակցելու արդյունքում: Այնտեղ ես ծանոթացա Ֆրանսուա Էնենին, որը Jovoy Paris-ի հիմնադիրն է: Սկզբում Միլանում ծանոթացանք, ներկայացրի իմ օծանելիքները, շատ հավանեց, հետո Ֆլորենցիայում երբ երկրորդ անգամ հանդիպեցինք, արդեն հստակ համագործակցության պայմանագիր կնքեցինք, և մի քանի օր է, ինչ օծանելիքները գտնվում են Փարիզում, շուտով կլինեն նաև Լոնդոնում»:

Ծովակ Ոսկանյանի օծանելիքները ցուցադրված են նաև Հայաստանում՝ Կոսմոտեկա հեղինակային օծանելիքների խանութում: Հարցազրույցի ընթացքում օծանագործը նոր ակորդ ստեղծեց, ասում է՝ սա օծանելիք ստանալու ճանապարհին առաջին քայլն է: Օծանագործին հարցրինք՝ սա տղամադո՞ւ, թե՞ կնոջ բույր է:

«Հազարթերթիկը տղամա՞րդ է, թե՞ կին, վարդը, շատերի պատկերացմամբ, կին է, բայց արաբների պատկերացմամբ՝ տղամարդը է, և վարդի բույրն էլ տղամարդկային բույր է, բույրերին սեռական պատկանելություն տալը շուկայի կողմից պարտադրված է, այն բույրերը, որոնք բնական հնչողություն ունեն, չունեն սեռական պատկանելություն, բոլորն էլ կարող են օգտագործել»:

Ծովակ Ոսկանյանը նոր բույրի հավաքածուի պլաններ ունի, վստահեցնում է՝ առաջինից սկզբունքորեն տարբերվելու է: Հայաստանում մեծ արտադրություն կհիմնի՞, թե՞ ոչ, դեռ չի որոշել, ասում է՝ մեր երկրում համագործակցությունը բարդ է ստացվում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս