«Ի՞նչ է նշանակում՝ ընդամենը երկու տարվա գյուղապետի հետ անձնական հարցեր լուծել պետական մակարդակով». Նորաշենցիներն իրենց բողոքի ակցիան տեղափոխել են Կառավարության մոտ

Օրեր շարունակ Նորաշենում և Արարատի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո այսօր նորաշենցիները ստիպված այն տեղափոխել են Կառավարության մոտ: Նրանք պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին իջնել և լսել իրենց բողոքը:

Նորաշենցիները պահանջում են վերականգնել Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները, որը, ըստ նորաշենցիների, կասեցվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կամայականության արդյունքում:

Ակտիվիստ Բաբկեն Հարությունյանը, ով միացել է նորաշենցիների բողոքի ակցիային, ասում է՝ համայնքապետի լիազորությունները կասեցվել են ավագանու՝ նրան  անվստահություն հայտնելու պատճառով, բայց ավագանու նիստ չի կայացել:

«Ապօրինաբար դադարեցվել են Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները՝ առանց տրամադրելու համայնքին ավագանու որոշումը, առանց տրամադրելու փաստաթուղթ, թե ինչպե՞ս է այդ նիստը կայացել, քանի՞ հոգի են մասնակցել այդ նիստին: Գարիկ Սարգսյանն ասում է՝ ավագանին ինձ տրամադրել է արձանագրություն, ես էլ տրամադրել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, նախարարն էլ դադարեցրել է լիազորությունները: Հիմա հարց է առաջանում, ախր, Գարիկ ջան, բացի բաջանաղին, մորքուրի հարսին գործի տեղավորելուց առավել՝ դու ունես պարտականություն՝ պահել օրենքը: Ի՞նչ արձանագրության մասին է խոսքը, եթե այդ նիստը չի կայացել: Գնացել, դաշտում զրույց են արել գյուղի խնդիրների մասին, հետո չորս հոգով արձանագրություն են կազմել, որի հիման վրա դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազորությունները»:

Ակցիայի մասնակիցները սա որակում են՝ բռնի ուժով ճնշում: Ասում են՝ 4-5 օր է, գյուղում խժդժություններ են, մարդիկ իրար դեմ են դուրս եկել: «Ուժ և իրավունք» հ/կ նախագահ Ալինա Մախսուդյանը, ով նաև Արարատի բնակիչ է, վստահ է՝ Նորայր Գրիգորյանին առաջարկել են դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինչից նա հրաժարվել է, և դրանից հետո ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանի և Նորայր Գրիգորյանի հարաբերությունները լարվել են:

«Ընտրություններին մի տարուց քիչ էր մնացել, մեզ ասում են՝ թող հիմա ժամանակավոր պաշտոնակատարը կատարի իր պարտականությունները, երկու ամիս հետո պատրաստվում ենք նոր ընտրությունների: Մեր երկիրը նման հնարավորություններ ունի՞, որ երկու ամիսը մեկ ընտրություններ անենք: Արարատի մարզում այնքան կոռումպացված գյուղապետեր կան, այդ մասին հատկապես լավ գիտի Գարիկ Սարգսյանը, ի՞նչ է նշանակում՝ ընդամենը երկու տարվա գյուղապետի հետ անձնական հարցեր լուծել պետական մակարդակով: Իրեն առաջարկել են դառնալ ՔՊ անդամ, ինքը հրաժարվել է, բայց իշխանության կողքին է եղել, Ձեր մի կանչով, պարոն վարչապետ, ամբողջ գյուղին իր միջոցներով բերել է ԱԺ: Մենք ձեզ լիազորություններ ենք տվել, որ դուք ծառայեք ժողովրդին, էս ի՞նչ եք անում»,- ասում է Ալինա Մախսուդյանը:

Ցույցի մասնակից նորաշենցիներից մեկի խոսքով՝ Արարատի մարզպետն անգամ ընդհանուր համաձայնության չի ցանկանում գալ ժողովրդի հետ, մինչդեռ նրան առաջարկներ արվել են:

«Ի՞նչ է նշանակում՝ 1400 ձայն հավաքած համայնքապետին 4 ավագանու անդամ հեռացնի պաշտոնից: Մենք Արարատի մարզպետին առաջարկեցինք, որ գոնե համայնքապետի լիազորություններն իրականացնի Աշոտ Ստեփանյանը, ով համայնքապետի արձակուրդի ժամանակ անում էր դա, ոչ թե Արտակ Հարությունյանը, ում ինքն է նշանակել, որ գյուղում կրքերը հանդարտվեն, դրան էլ չհամաձայնեց»:

Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանն ասում է՝ իրենց համար այս պահին ամենակարևորն ազատման հիմքերի վերանայումն է, քանի որ այն ներկայացված հիմքերը, ըստ որոնց՝ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, իրենց չեն բավարարում:

«Մենք սպասում էինք, որ մեր մարզպետը հիմքերը կվերանայի, մեր խնդիրը դրա մեջ է: Եթե կա նիստ, դրա մասին պետք է լինի իրավազոր արձանագրություն, 5 հոգու ստորագրություն պետք է լինի այդ արձանագրության տակ: Ինչի՞ մենք պետք է սեպտեմբերի 10-ին կայացած նիստի մասին իմանանք սեպտեմբերի 27-ին: Այստեղ խախտվում են անգամ աշխատանքային ամենատարրական նորմերը: Ավագանու անդամներն ասում են՝ դաշտում խոսակցություն է եղել, դա համարում են նիստ, ավագանու 5-րդ անդամն ասում է՝ նիստ չի եղել, միայն խոսակցություն է եղել: Ավագանին անվստահության հիմքում դրել է, որ 6 ամսվա ընթացքում  նիստ չի եղել, բա եթե իրենք նիստով են անվստահություն հայտնել, ո՞նց չի եղել: Ամեն նիստից առաջ մարզպետարան ուղարկվել է գրություն, որ այսինչ օրը տեղի է ունենալու նիստ, դա եղավ, որ հրավիրել է, թե ի՞նչ ձևով, դա արդեն ուրիշ հարց է: Ստացվում է՝ այն նիստը, ըստ որի՝ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցրել են, քվորում չի ապահովել, քանի որ չկա առնվազն 5 անդամի ստորագրություն: Մեզ համաձայնության եզրեր չեն առաջարկել»:

Համայնքապետարանի աշխատակիցներից շատերը գործադուլ են սկսել, ասում են՝ չեն աշխատելու, մինչև իրենց ընտրած համայնքապետը չվերադառնա:
Ակցիայի սկզբում 168.am-ի տեսախցիկը Կառավարության պատշգամբներից մեկում ֆիքսեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, սակայն մինչև այժմ Կառավարությունից ոչ ոք չի իջել ցուցարարների հետ զրուցելու:

Հիշեցնենք՝ նորաշենցիները, արդեն 4 օր է՝ Արարատի մարզպետարանի առջև բողոքի ակցիա են անցկացնում՝պահանջելով վերականգնել իրենց կողմից ընտրված համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս