Դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշման մեջ ընդհանրապես պատճառաբանություն չկա. Փաստաբան Խուդոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերջին երկու ամսվա ընթացքում ներկայացրել են խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու 2 միջնորդություն: Շատերի մոտ տպավորություն է, թե նույնական միջնորդություններ են ներկայացվում: Փաստաբանները վստահեցնում են՝ բովանդակային տարբերություններն ակնհայտ են:

«Սեպտեմբերի 20-ի որոշմամբ նշված էր, որ դատարանը քննելով միջնորդությունը՝ չէր հաստատել  դատախազության պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանը  կարող է խուսափել քննությունից»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ նման պնդում այլ դատավորների  կայացրած որոշումներում ևս եղել է:

Նույն այդ որոշմամբ դատավոր Դանիբեկյանն արձանագրել էր. դեռ կա հավանականություն, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, ինչի հետ փաստաբանական թիմը համաձայն չէ: Հենց այդ դիտարկումն էր  սեպտեմբերի 20-ի միջնորդությունը մերժելու պատճառը:

Միջնորդությունից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, այլ գործով Սահմանադրական դատարանը հրապարակել էր 1480 որոշումը, որով սահմանել էր, հակասահմանադրական ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր՝ որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե գրավով ազատ արձակման դեպքում ամբաստանյալը խոչընդոտի քննությանը, այդ դեպքում ևս գրավը կգանձվի հօգուտ պետության:

Քոչարյանի փաստաբանները հիշեցրին նաև, որ դատավոր Դանիբեկյանի վարույթում եղել են մի շարք գործեր, որոնցում անգամ արձանագրվել է, որ կա խոչընդոտելու հիմք, բայց դատավորը որոշել է բավարարել գրավի միջնորդությունը:

«Եվ հետագայում, երբ մենք տեսնում ենք, որ մեր գործով համանման պայմաններում նշվում է, որ գրավը չի կարող կիրառվել, մենք այստեղ տեսնում ենք երկակի ստանդարտ, տեսնում ենք  կանխակալ վերաբերմունք»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ստացվում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո «օրենք փոխվեց»: Հենց ՍԴ այդ որոշումն ու Աննա Դանիբեկյանի սեպտեմբերի 20-ի կայացրած որոշումը հիմք ընդունելով՝ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր գրավի մյուս միջնորդությունը, որը ևս դատավոր Դանիբեկյանը մերժեց նոյեմբերի 7-ի նիստում:

Փաստաբանների մոտ տպավորություն է, թե առաջին ատյանի դատարանն անտեսում է  Սահմանադրական դատարանի որոշումները:

Խոսելով դատարանի նոյեմբերի 7-ի որոշման մասին՝ փաստաբան Խուդոյանն ասաց. «այս դատական ակտի մեջ ընդհանրապես պատճառաբանություններ չկան: Դատարանը ցիտել է ՍԴ որոշման առանձին հատվածներ, ընդամենն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախկինում եղել է այսպիսի խնդիր, երբ գրավը հնարավոր չի եղել գանձել հօգուտ պետության, եթե անձը խոչընդոտում է, և որոշում է կայացրել, որ գրավն այս պարագայում չի կարող բավարար միջոց լինել խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու համար»:

Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատավորի որոշումը համեմատում է հայ բանահյուսության գոհարներից մեկի՝ «Կիկոսի մահը» հեքիաթի հետ: Օրբելյանը վստահ է, որ դատավոր Դանիբեկյանը մտածել է ավելի շատ, քան իրեն պետք է մտածել, քանի որ բարձր դատարանը հորդորել է «չանհանգստանալ, որ Կիկոսը ընկնելու է քարին և մահանալու է, հերթը Կիկոսին չի էլ հասնելու, հլը մինչև դա պետք է ամուսնանալ, իսկ որ այդքան շատ լացես, չես էլ ամուսնանա»,- կատակեց փաստաբանը:

Հարցին, թե Քոչարյանի պաշտպանական թիմը մշտապես նոր միջնորդություններ ներկայացնելով՝ արդյոք չի՞ ձգձգում բուն դատավարությունը, Օրբելյանը պատասխանեց.

«Մենք մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանության փուլ»: Ապա հավելեց,, որ դրա համար նախ պետք է իրենց վստահորդը լինի ազատության մեջ, ինչից հետո գործը շատ արագ կմտնի դատական վիճաբանությունների փուլ: Հետո փաստաբանը հաշվարկեց, որ, եթե գործով անցնող 800 վկային հարցաքննեն, ապա անհրաժեշտ կլինի մոտ 5 տարի, իսկ այդ ընթացքում իրենք ձեռնարկելու են բոլոր գործողությունները Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքն ապահովելու համար:

Անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքին, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ արգելքն իրավաչափ չէ: Այս մասով պաշտպանական թիմը 1 ամիս առաջ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, դեռևս պատասխան չկա:

Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ փորձել էր պատկան մարմիններից պարզել, թե ինչ հիմքով է արգելք դրված Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա, բայց սպառիչ պատասխան չէր ստացել:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս