Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով ՝ գրավի չափի ընտրությունը թողնելով դատարանի:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ