
Toyota-ն շահույթի ռեկորդային մակարդակ է գրանցել

Toyota ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը զուտ շահույթի ռեկորդային մակարդակ է գրանցել 2019 ֆինանսական տարվա (ապրիլ-սեպտեմբեր) առաջին կեսին: Այդ մասին վկայում են ընկերության կողմից նոյեմբերի 7-ին հրապարակված տվյալները:
Այսպես, ավտոընկերության զուտ շահույթը 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 2,6 տոկոսով՝ հասնելով 1,27 տրլն իեն (մոտավորապես 11 մլրդ դոլար) ռեկորդային նշագծի: Ընդգծվում է, որ նման արդյունքի կոնցեռնին հաջողվել է հասնել լավ վաճառքների շնորհիվ ինչպես Ճապոնիայի ներսում, այնպես էլ արտասահմանում:
Միեւնույն ժամանակ Toyota-ն պահպանում է ամբողջ 2019 ֆինանսական տարվա (ավարտվում է 2020 թվականի մարտի 31-ին) համար շահույթի ընթացիկ կանխատեսումը: Այսպես, ընկերության կանխատեսումների համաձայն, զուտ շահույթը պետք է կազմի 2,15 տրլն իեն (18,6 մլրդ դոլար), ինչը 14,2 տոկոսով ավելի է, քան 2018 ֆինանսական տարվա զուտ շահույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: