«Անհնար է տարիներ շարունակ 60-70 հազար դրամով, միայն էնտուզիազմի հիման վրա գիտությամբ զբաղվել». Հովակիմ Զաքարյան
Հայաստանում գիտության ֆինանսավորումը միջինից 4 անգամ ցածր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը: Ըստ նրա՝ գիտնականներն աշխատում են սեփական էնտուզիազմի հաշվին:
«Այսօր երիտասարդ գիտնականի հիմնական խնդիրը կապված է ֆինանսավորման հետ: Հայաստանում գիտության ֆինանսավորումը միջինից 4 անգամ ցածր է: Ֆինանսավորումը գիտնականին պետք է սեփական աշխատանքի վարձատրության և աշխատանքային պայմանների համար, որպեսզի կարողանաս նորմալ աշխատանք անել։ Եթե դրա համար քո ունեցած ֆինանսները միջինից ցածր են, հետևաբար՝ գլխավոր խնդիրը ֆինանսավորման մեջ է:
Ցածր աշխատավարձն էլ բերում է նրան, որ, օրինակ, երիտասարդները չեն գնում դեպի գիտություն, առհասարակ շատ քիչ են ուսանողները, որոնք քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն են ուսումնասիրում համալսարաններում, էլ ավելի քիչ են այն երիտասարդները, որոնք ավարտելուց հետո շարունակում են կամ սկսում են գիտությամբ զբաղվել: Անհնար է 60-70 հազար դրամով տարիներ շարունակ, միայն էնտուզիազմի հիման վրա գիտությամբ զբաղվել: Երիտասարդները, բնականաբար, հետաքրքրվում են գիտությամբ, բայց դրան զուգահեռ՝ պետությունը պետք է նրանց այնքան վարձատրի, որ նրանք կարողանան իրենց մինիմալ հոգսերը հոգալ: Եթե այդ վիճակում ենք այսօր, բազմաթիվ երիտասարդներ, լավագույն դեպքում՝ թողնում են գիտությունը, վատագույն դեպքում՝ թողնում են Հայաստանը, ստացվում է՝ մենք պատրաստում ենք լավ գիտնականներ, որոնք իրենց գերծունեությունը ծավալում են Եվրոպայում: Սա շատ տխուր է, շատ ավելի տխուր է, որ այդ ամենը բոլորը տեսնում և գիտակցում են, բայց որևէ ռեալ քայլ չեն անում՝ ինչ-որ բան փոխելու տեսակետից: 2020 թվականի պետբյուջեն էլ նախատեսում է ավելացնել գիտության ֆինանսավորումը «զրո» դրամով, գիտության բյուջեն չի ավելանում արդեն տարիներ շարունակ: Սա օրենքի խախտում է, քանի որ Գիտության մասին օրենքում հստակ գրված է, որ, եթե ունես բյուջեի եկամտային մասի աճ, ապա համամասնորեն պետք է աճի գիտությանը հատկացվող ֆինանսավորումը: Վերջին երեք տարում կա եկամուտների աճ, իսկ գիտության ֆինանսավորումը մնում է նույնը»,- ասում է Հովակիմ Զաքարյանը:
Մեր հարցին, թե մասնավոր հատվածում կա՞ն արդյոք գիտությունը ֆինանսավորողներ, և մասնավորից եկող ֆինանսներն արդյոք բավարա՞ր չեն գիտության զարգացման համար, ԳԱԱ-ի գիտաշխատողը պատասխանեց, որ այս ոլորտում գլխավոր «խաղացողը» պետք է լինի պետությունը:
«Մասնավոր հատվածում որոշակի հիմնադրամներ կան, բայց նրանց ֆինանսավորումն ու իրականացրած ծրագրերը բավարար չեն: Հիմնարար գիտությունների ֆինանսավորման գլխավոր դոնորը, «գլխավոր խաղացողը» պետք է լինի պետությունը, այդպես է ամբողջ աշխարհում, եթե նայեք՝ ուրիշ երկրներում ինչպես է, ապա կտեսնեք, որ ՀՆԱ-ի մինչև 1 տոկոսը հատկացնում է պետությունը, դրանից ավելին նոր գալիս է մասնավորից: Բնական է, որ Հայաստանում հետևյալ իրավիճակն է. մասնավոր սեկտորը՝ լինեն գործարարներ, ընկերություններ, հիմնադրամներ, տեսնում են, որ պետությունը, որը պետք է ֆինանսավորի, դա չի անում, հետևաբար՝ որևէ դրդապատճառ չի մնում դրանից հետո, որ դու էլ ֆինանսավորես: Եթե Դուք լինեիք մասնավոր անձ, որը մտածեր՝ արժե՞ գումար տրամադրել գիտությանը, թե՞ ոչ, ապա առաջինը կնայեիք՝ պետությունը դա անո՞ւմ է, թե՞ ոչ, պետությունը համապատասխան միջավայր ստեղծե՞լ է դրա համար: Մենք անգամ դա չունենք, չկա անգամ համապատասխան օրենսդրական միջավայր, որ Պողոսն ու Պետրոսն իրենց մասնավոր գումարը ներդնեն գիտության մեջ»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:
Ֆինանսների սուղ լինելն էլ, ըստ գիտաշխատողի, պատճառ է դարձել նրա, որ 30 տարում 5 անգամ կրճատվել է հայ գիտնականների թիվը:
«Վերջին 30 տարվա ընթացքում 25.000 հայ գիտնականներից մնացել է մոտավորապես 4500-ը: Մենք ունենք 5 անգամ ավելի քիչ գիտնական, քան 1990-ականների սկզբին էր: Այդ ժամանակ 1 միլիոն բնակչին բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը թոփ 5 երկրների ցանկում էր, այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը 5 անգամ նվազել է: Սա ամենաակնառու ցուցանիշն է՝ պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է գտնվում մեր գիտությունը»,- ասաց ԳԱԱ գիտաշխատողը:
Իսկ ի՞նչ անել:
«Ավելացնել ֆինանսները: Ամռանը վարչապետը Կառավարության նիստում հայտարարեց, որ 40 միլիարդի խնայողություն են արել, ասում էր՝ չգիտենք՝ ինչի վրա ծախսենք: Առհասարակ գիտությանը տրամադրվող բյուջեն 13 մլրդ դրամ է, այսինքն՝ 3 անգամ ավելի գումար խնայվել է. եթե ունեք այդքան գումար, այսինքն՝ ձեզ համար խնդիր չէ միանգամից կրկնապատկել գիտության բյուջեն: Իհարկե, կրկնապատկել խելամիտ ձևով, ոչ թե հանել գումար տալ, այլ ծրագրեր իրականացնել՝ այս կիսամեռած, կոմայի մեջ գտնվող գիտության վիճակը բարելավելու համար:
Քննարկումներ են եղել բազմիցս, անգամ գործող նախարարի օրոք, առաջ էլ են եղել, հիմա էլ, ես վստահ եմ, նրանք գիտեն այս ամենի մասին, գիտեն, որ գիտությանը տրամադրվող գումարները անտրամաբանորեն շատ ցածր են, իրենք դա գիտակցում են, նախորդներն էլ էին գիտակցում, հավելյալ ևս մեկ անգամ դիմելու կարիք չկա»,- եզրափակեց Հովակիմ Զաքարյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ