Փոստից փաթեթ ստանալիս 200.000 դրամն ամսվա կտրվածքով հատելու դեպքում մաքսատուրք պետք է վճարել
Քաղաքացիներից մեկը 168.am-ին հայտնել էր, որ գնացել է փոստ՝ 2 դոլարի փաթեթը ստանալու, տեղեկացրել են, որ այս փոքրիկ գնումներն էլ իրար վրա կուտակվում են, ու ամսվա կտրվածքով եթե 200.000 դրամը հատի, ապա մաքսատուրք է վճարելու:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հաստատեցին այս տեղեկությունը՝ հայտնելով, որ, այո, մեկ ամսվա մեջ քաղաքացու կատարած գնումների հանրագումարը չպետք է գերազանցի 200.000 դրամը, հակառակ դեպքում 30 տոկոսի չափով հարկ են վճարելու:
Խնդիրն այն է, որ Եվրասիական տնտեսական մաքսային օրենսդրության համաձայն՝ ֆիզիկական անձանց ներկրած հարկման ոչ ենթակա ապրանքների ծավալի ու գնի շեմը փոփոխվել է դեռևս 2019թ. հունվարի 1-ին: Առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:
Փոփոխությունները կատարվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ: Համաձայն կարգավորման՝ եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվում է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Այսինքն, նախկինում ևս 200.000 դրամը գերազանցելուց հետո հարկում կար, և դրա 22.5%-ն էր հարկվում՝ մինչև 1000 եվրոն: Այժմ 22.5%-ը հարկվում է մինչև 500 եվրոն:
Անի Կարապետյան