
ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեզ համար չափազանց էական, կարևոր ու սուր հարց է վիզաների ազատականացման գործընթացը: Մենք աշխատում ենք, և’ անմիջապես հանձնաժողովի, և’ անդամ պետությունների հետ: Մենք երկկողմ մակարդակում նույնպես շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի կարողանանք մոտեցնել այդ պահը, և ունենալ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը: Երկխոսության գործընթացը դեռ ազատականացումը չէ, բայց շատ էական փուլ է այդ գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Մնացականյանը:
Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար գերակա խնդիրն է հասնել այն շեմին, երբ մենք կկարողանան հայտարարել երկխոսության մեկնարկի մասին: