«Վիլսոնը Սպիտակ տանը նստած` գծում էր հայերի քարտեզը, իսկ Քյազիմ Քարաբեքիրը` ցեղասպանում էր հայերին. ԱՄՆ-ից սիմվոլիկ գործողության կարիք չունենք». Թաներ Աքչամ

«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը պետք է գործադիր ուժ ունենա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք պատմաբան, գիտնական, ցեղասպանագետ Թաներ Աքչամը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճամաչման բանաձևի ընդունման փաստին:

Հոկտեմբերի 29-ին՝ Եղեռնից ավելի քան մեկ դար անց, ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: Փաստաթուղթը, որն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տանը կայացված քվեարկությունն արդեն իսկ մեծ ուշադրության է արժանացել Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք քննադատել են Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգի էջում նշել էր, որ այս որոշումը հակասում է ամերիկյան և միջազգային իրավունքին, կասկածի տակ է դնում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի սկզբունքները: «Նրանք, որոնց ծրագրերը խախտվել են, դիմում են հին բանաձևերին: Եթե կարծում են, որ այդ կերպ վրեժ են լուծելու, սխալվում են»,- գրել էր Չավուշօղլուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանը, որը ճանաչում Է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը: «Բանաձևն անօգուտ Է: Թուրքիան այն չի ճանաչի»,- նշել է Էրդողանը:

Ամերիկաբնակ թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով առաջին թուրք մտավորականներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գտնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը մեկ պարզ պատճառ ունի՝ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, ինչից ԱՄՆ-ը զայրացավ և փորձեց վրեժխնդիր լինել: Ըստ Աքչամի, ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության բանաձևն օգտագործում է՝ որպես քաղաքական գործիք իր ձեռքում Թուրքիայի դեմ:

«Սա նոր երևույթ չէ, սա այն է, ինչ ամերիկացիները փորձել են անել տարիներ շարունակ: Առաջին անգամ 1975 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և խնդրեց ԱՄՆ նախագահին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ամեն տարվա ապրիլի 24-ին: Ուստի այս բանաձևն իր էության մեջ նույնպիսին է, ինչպիսին 1975 թվականի բանաձևը: Սա նույնպես սիմվոլիկ որոշում է և չունի գործադիր ուժ: Իհարկե, բանաձևը դրական է, եթե ինձ եք հարցնում, և դա ավարտվում է այնտեղ, որտեղ մենք դա Թուրքիայում սովորաբար կոչում ենք «չինական խոշտանգում». ամեն տարի բոլորը սպասում են՝ արդյոք ԱՄՆ նախագահը պատրաստվո՞ւմ է արտասանել «G»-ով սկսվող բառը, թե՞ ոչ, և դա ավարտին կմոտեցնի բոլորի «չինական տառապանքը»»,- ասաց Թաներ Աքչամը:

Միաժամանակ ազգությամբ թուրք գիտնականը կարծում է, որ այս բանաձևի ընդունումը միտված է ծածկել ամերիկացիների սխալները Մերձավոր Արևելքում: Նրա որակմամբ՝ Հայոց ցեղասպանությունը կրկին օգտագործվում է՝ շեղելու համար ամերիկացիների պատասխանատվությունը Մերձավոր Արևելքից:

«Ես պետք է շեշտեմ սա, քանի որ դա շատ կարևոր է: 2003 թվականի ԱՄՆ իրաքյան ներխուժումից սկսած՝ ԱՄՆ-ը մեկը մյուսի ետևից վճռորոշ սխալների էր թույլ տալիս այդ տարածաշրջանում: Չկա որևէ տարբերություն Բուշի, Օբամայի կամ Թրամփի վարած մերձավորարևելյան քաղաքականության միջև: Նրանք նույն քաղաքականությունն են վարում՝ տարածաշրջանում անկայունություն հրահրելով: Նրանք հետաքրքրված չեն Մերձավոր Արևելքում կայուն հարաբերություններ ստեղծելու հարցում, նրանք հետաքրքրված չեն Մերձավոր Արևելքի ժողովուրդներին միավորելու հարցում: 2003 թվականից սկսած՝ ԱՄՆ-ը եղել է Մերձավոր Արևելքի անկայունության հիմնական աղբյուրներից մեկը: Նրանք օգտագործել են էթնիկ մի խմբին մյուսի դեմ և Օբամայի վարչակազմից սկսած՝ օգտագործել են քրդերին որպես անկայունության գործոն՝ արաբների և թուրքերի դեմ: Իսկ ներկայումս Թրամփի վարչակազմի դեպքում ԱՄՆ-ը թողեց խեղճ քրդերին սադրիչ թուրքերի, արաբների, ռուսների «ձեռքում», իսկ նրանք երբեք թույլ չէին տա արբանյակ պետության, արբանյակ վարչական միավորի ձևավորում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում, նրանք կջախջախեին դա, նրանք ջախջախում են փաստորեն: ԱՄՆ-ը օգտագործեց քրդերին՝ որպես «ափ», մյուսների «ձեռքի մեջ» երկար ժամանակ, և ամերիկացիները լքեցին քրդերին «թուրքական ձեռքի մեջ», և հենց այդ պատճառով թուրքերը ներխուժեցին շրջան: Այն պատմաբանը, մասնագետը, ով ճանաչում է Մերձավոր Արևելքը քիչ թե շատ, գիտի, որ Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի իշխանությունները երբեք թույլ չէին տա քրդական վարչական միավորների ձևավորում ԱՄՆ աջակցությամբ: ԱՄՆ-ը այնտեղ երկու այլընտրանք ուներ՝ կարող էր այնտեղ մնալ 100 տարի պաշտպանելու համար քրդերին այլ ակտիվ խմբերից, կամ երբեք չպետք է նման արկածախնդրություն սկսեր:

Ներկայումս Ցեղասպանության այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան ուղղված ամերիկյան մերձավորարևելյան քաղաքականությունը ծածկելուն: Բայց եկեք հուսանք, որ սա իմ, հայերի համար, ովքեր պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար, գործադիր ուժ ունեցող գործընթացի հիմք կդառնա»,- ասաց Աքչամը:

Թուրք պատմաբանը գտնում է, որ Ներկայացուցիչների պալատի հաստատած բանաձևը չպետք է մնա որպես սիմվոլիկ բանաձև: «Ես անձնապես կոչ եմ անում բոլորին՝ կարիք չունենք սիմվոլիկ գործողության: Պետք է ունենանք որոշում՝ գործադիր իրավական ուժով, այսինքն՝ ԱՄՆ-ը, իր իրավական համակարգին համապատասխան, պետք է դատական գործեր հարուցի թուրքական բանկերի, պետական ընկերությունների դեմ այն հանցագործությունների համար, որոնք նրանք իրականացրել են 1915 թվականին: Սա հնարավոր է: Հոլոքոստի դեպքում եղան մի քանի դատական գործեր, որտեղ ամերիկյան դատարանները որոշում կայացրին գերմանական, Արևելյան Եվրոպայի ընկերությունների, Շվեյցարիայի կառավարության դեմ, և այս իրավական ուժը, որն ԱՄՆ-ը ունի և կիրառի, կարող է իսկապես ճնշում դառնալ Թուրքիայի նկատմամբ, որը Թուրքիային կմղի Հայաստանի հետ բանակցել խաղաղ կարգավորման համար: Սա միակ հույսն է, որը ես ունեմ: Եթե անկեղծ լինեմ, ապա ես չեմ վստահում ամերիկյան քաղաքական այս ողջ գործընթացում»,- ասաց Աքչամը:

Նա վստահեցնում է՝ ԱՄՆ-ի այս քայլերից հետո Թուրքիան ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի, որոնք, սակայն, որևէ հետևանք չեն ունենա, իսկ եթե այս գործընթացը գործադիր-իրավական լուրջ հետևանքներ ունենա Թուրքիայի համար, ապա այլ քաղաքականություն կվարի:

Թուրք պատմաբանը հիշեցրեց 1920 թվականի իրադարձությունները՝ նշելով, որ դրանցից պետք է հետևություն անել. «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Սպիտակ տանը նստած՝ գծում էր հայերի քարտեզը՝ Վիլսոնյան Հայաստանը, և նույն ժամանակ Քյազիմ Քարաբեքիրի ուժերը Կովկասում ցեղասպանում էին հայերին: Սա էր Վաշինգտոնի որոշումը: Որոշումը կարող է հետևանքներ ունենալ տարածաշրջանի վրա՝ կախված նրանից՝ արդյո՞ք ԱՄՆ-ը լրջորեն հետաքրքրված է այդ խնդրի լուծմամբ: ԱՄՆ որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պետք է ավարտվի առանց քաղաքական հետևանքների, ես դա ցանկանում եմ ընդգծել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս