Պետությունը նախատեսում է հողային ռեֆորմ. կհստակեցվեն օգտագործվող և չօգտագործվող հողակտորները
Պետությունը նախատեսում է իրականացնել հողային բարեփոխումներ, հստակեցվելու են, թե որ հողակտորներն են համարվում չօգտագործվող: Պիլոտային ծրագիրն առաջինը կիրականացվի Արմավիրի մարզում: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:
«Հիմա մենք իրականացնում ենք մի շարք բարեփոխումներ: Երկու օրենքի նախագիծ արդեն դրվել է շրջանառության: Դնելու ենք չափորոշիչներ, թե որ հողերն ենք համարվելու չօգտագործվող: Տրամաբանությունը հետևյալն է` փորձելու ենք ստեղծել հարթակ, որում օգնելու ենք բոլոր գյուղացիական տնտեսություններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ցանկության դեպքում, վարձակալության տալ կամ վաճառել իրենց հողակտորը: Այդ հողերը բերելու ենք օրինական դաշտ, ամենամեծ խնդիրը հիմա հողակտորները օրինական դաշտ բերելն է»,-ասաց Քամալյանը:
Նա նշեց` պիլոտային ծրագիրն առաջինը կիրականացնեն Արմավիրի մարզում: Փոխնախարարը նկատեց` հաճախ դրոններով նկարված ու փաստացի օգտագործվող հողակտորները չեն համապատասխանում միմյանց: Ծրագրի շրջանակում պետությունը կանի թվային քարտեզագրում: «Մյուս տարի հոկտեմբերին Արմավիրի մարզում աշխատանքները կվերջացնենք: Կստեղծենք թվային քարտեզներ, հարթակ: Եվ վերջինիս միջոցով այն մարդիկ, ովքեր ցանկանում են վարձակալությամբ տալ կամ վաճառել իրենց հողակտորները, դա կանեն»,-ասաց փոխնախարարը: