Բաժիններ՝

«Մեզ համար տարբերություն չկա, թե ով կտա մեր գումարը, իսպանական ընկերությո՞ւնը, թե՞…». Ենթակապալառուների ներկայացուցիչ

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել էր Հյուսիս-Հարավ ճանապարհից՝ հիշեցնելով, որ մեկ տարի է՝ աշխատանքները դադարեցվել են, մասնավորապես, Աշտարակ-Թալին հատվածում: Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատել է՝ Տրանշ 2-ում (Աշտարակ-Թալին, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42 կմ) որոշակի խնդիրներ ունեն ենթակապալառուները՝ կապված «Կորսան Կորվիամ» ընկերության հետ:

««Կորսան Կորվիամ» ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, և կառավարությունը միակողմանի պայմանագրի խզման պրոցես է սկսել, և, ամենայն հավանականությամբ, լինելու է արբիտրաժային գործընթաց: Բայց այս պրոցեսով մենք արագացրել ենք ճանապարհի կառուցման պրոցեսները, որովհետև փաստացի դեպի սնանկություն գնացող ընկերությունն ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել»,- հայտարարել է Ավինյանը:

168.am-ի հետ զրույցում «Ժակշին» ՍՊԸ-ի հիմնադիր և ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խնդրով անցած շաբաթ գրավոր նամակներ են հասցեագրել ՀՀ վարչապետին, ՀՀ  նախագահին և Ասիական զարգացման բանկին:

«Նամակ ենք գրել նաև Ասիական զարգացման բանկին, որպեսզի հասկանանք, թե պատասխանն ինչ է լինելու, թե չէ՝ մենք էլ ենք արբիտրաժային դատարան դիմելու: Դիմելու ենք իսպանական ընկերության դեմ, չգիտեմ՝ այդ դեպքում դատարանը պիտի որոշի, թե մեր փողերն ով պիտի տա: Իսպանական ընկերությունը պնդում է, որ կառավարության մոտ գումարներ ունեն: Մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե ով կտա մեր գումարը, իսպանական ընկերությո՞ւնը, թե՞… 29 ենթակապալառուների գումարը չեն տվել: Անցած տարվա նոյեմբերից աշխատանքները դադարեցված են»,- շեշտեց նա:

Հավելենք, որ ենթակապալառուներին տրվելիք պարտքը կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը 2012-ի ապրիլին էր հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված Տրանշ 1 (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ) և Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) ճանապարհի վերակառուցման և բարելավման բաց միջազգային մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որով հաղթող էր ճանաչվել «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը:

Կառավարությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորել էր պայմանագիր կնքել հիշյալ ընկերության հետ:

Նախագծով նախատեսվում էր ապահովել 100 կմԺ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով  բետոնածածկ արագընթաց մայրուղի:

Աշխատանքների ավարտը նախատեսված էր Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների համար` 18 ամիս, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի համար` 36:


Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս