«Սանասարյան, ես ընդհատում եմ Ձեզ և չեմ թողնում Դուք ավարտեք». դատավոր Բալայան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը:  Դատական նիստին ներկա էին չորս ամբաստանյալը:

Դատավոր Բալայանը ինքնաբացարկ չհայտնեց, բայց նշեց երեք փաստ, որոնք որ կարող են որոշակի կասկածներ ստեղծել:

1. Դատավորը նշեց, որ մի քանի օր առաջ գործուղման է եղել Արսեն Սարդարյանի հետ, որը այսօր դատարանում պաշտպանում է Դավիթ Սանասարյանի շահերը:

2. Բալայանը խոսեց փաստաբան Հրանտ Անանյանի մասին, որը ներկայացնում է Տարոն Ավետիսյանի շահերը: Դատավորը հիշեցրեց, որ Հրանտ Անանյանը դիմել էր հատուկ քննչական ծառայություն՝ դատարանների դռները շրջափակելու հետ կապված Դավիթ Բալայանի շահերը պաշտպանելու համար: Բալայանը նշեց, որ նա Անանյանի վստահորդը չէ:

3. Բալայանը նշեց, որ գործով վկա է անցնելու Արսեն Թորոսյանը: Ու հավելեց, որ Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենն է հանդիսացել իր քեռու որդին, ով ազատվել է աշխատանքից:

«Ես կաշկանդված չեմ սրանով, սրանք կողմնակալության հիմք չեն, բայց դրանք բացահայտելն անհրաժեշտ է»,- ասաց Բալայանը:

Դատախազությունը ու պաշտպանական կողմը նշեցին, որ դատավորի նշած հիմնավորումները հիմք չեն դատավորի բացարկը պահանջելու:

«Իմ դեմ վեց ամիս առաջ սկսվեց հետապնդում, ԱԱԾ անվան տակ՝ ապօրինի, ես հիմա Ձեզ կոչ եմ անում, որ ինքներդ մաս չդառնաք դրան»,- դատավոր Բալայանին ինքնաբացարկ հայտնելու մասին ելույթի ժամանակ ասաց Սանասարյանը:

Գործով անցնող չորս ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված  ստորագրությունը չհեռանալու մասին: Դավիթ Սանասարյանը շարունակում է լինել Պետական վերահսկողության ծառայության պետ, բայց նրա լիազորություններն այս պահին դադարեցված են:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին. դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս