«Դա ինձ դուր չի գալիս, դա լավ բանի չի բերի». Արցախ ԱԺ փոխնախագահ
«Մենք արդեն Արդարադատության նախարարությունում ունենք ձևակերպված 22 կուսակցություն: 3-4 նախաձեռնող խմբեր էլ կան, ինչքան գիտեմ: Իհարկե, դա ինձ դուր չի գալիս, անկեղծ ասած, որովհետև պատգամավոր դառնալը մի տեսակ հոբբիի նման ինչ-որ բան է դարձել: Դա հասարակությանը բաժան-բաժան անելու ամենալավագույն ձևն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախում 2020 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին հարցին:
Բալայանի կարծիքով՝ նրանք, ովքեր ուզում են կուսակցական գործունեություն ծավալել, ճիշտ կանեն՝ ոչ թե նոր կուսակցություններ ստեղծելու միջոցով հասարակությունը բաժանեն մասերի, այլ՝ իրենց գործունեությունը ծավալեն արդեն եղած կուսակցությունների շարքում:
«Ամբողջ խնդիրն այն է, որ գաղափարախոսությունը ես չեմ տեսնում: Անձնավորված բաները շատ են՝ սրա կուսակցությունը, մյուսի կուսակցությունը: Դա լավ չի, դա լավ բանի չի բերի»,- մեզ հետ զրույցում ասաց Բալայանը՝ վստահեցնելով, որ նոր կուսակցություններ ստեղծելու պատճառը ոչ թե գաղափարախոսություններ չկիսելն է, այլ մարդկային ամբիցիան:
«Ես կարծում եմ՝ խնդիրն ամբիցիաներն են, որ՝ կարող ենք պատգամավոր դառնալ, որ ես ավելի լավ կանեմ, քան էն մյուսներն են անում: Հասկանում եք, ախր, այսպիսի մի բան կա, քաղաքական գործիչը մինչև քաղաքական գործիչ դառնալը պետք է իր կյանքում ինչ-որ մի բան անի, քարը քարի վրա դնի, ստեղծի իր մասնագիտության մեջ, իր հանրային կյանքում, որից հետո նման հավակնություններ ունենա»,- ասաց Արցախի ԱԺ նախագահի տեղակալը:
Ըստ Բալայանի՝ կուսակցություններն այնքան են շատացել ու այնքան անհասկանալի գործունեություն են ծավալում, որ մարդիկ մի քանի տարի անց մոռանում են այդ կուսակցությունների գործունեության մասին:
«Կուսակցություններ կան, որ մարդկանց հարցնում ես, մոռացել է, որ ինքը էդ կուսակցության անդամ է: Կամ՝ ընդհանրապես ինքն ի՞նչ է ուզում: Կամ՝ այս կուսակցությունը 5 տարի եղել է, հիմա էլ չկա: Դե դա ծիծաղելի է և դա ոչինչ չի բերի, ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց Վահրամ Բալայանը:
Նա տեղեկացրեց, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունն Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում: Ասում է՝ ցանկանում է այդ բեռը կրելու, սև աշխատանքը կատարելու փոխարեն՝ մի քիչ ապրել իր անձնական կյանքով:
«Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում. պետական պաշտոնը չպետք է դառնա բարեկեցության, բարօրության աղբյուր: Ես դա այդպես չեմ պատկերացնում: Պետական պաշտոնը պետք է մարդու համար բեռ դառնա: Բեռ դառնա՝ մյուսի հոգսերը լուծելու տեսանկյունից: Երբ մարդիկ հարց են տալիս, ասում են՝ դուք կուզենա՞ք նախագահ դառնալ, ասում եմ՝ չէ, ասում են՝ ինչի՞, ասում եմ՝ որովհետև ուզում եմ մի քիչ էլ իմ անձնական կյանքով ապրել: Այսինքն՝ դառնալ նախագահ, նշանակում է՝ բոլորի, ամեն մի ընտանիքի, ամեն մի մարդու մասին մտածել: Իսկ դա մեծ հոգս է, շատ մեծ հոգս է: Դա միայն այն չէ, որ հեռուստացույցով ցույց են տալիս, կան սև աշխատանքներ: Այդ սև աշխատանքը պետք է մարդ կարողանա կատարել»,- 168.am-ին ասաց Բալայանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ