Բաժիններ՝

Օվերն-Ռոն-Ալպերի խորհրդի նախագահը խոստանում է 600 հազ. եվրոյով աջակցել UFAR20+ կամպուսի կառուցմանը

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը, շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ՝ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ «Թումո» կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Այս մասին տեղեկացրին «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից։

«Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին հիշեցրեց 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին: ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրեց համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ․ « Այս նախագիծը կօգնի կերտել համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա»։

Եռակողմ հայտարարություն ստորագրվեց ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:

Նախագահ Լորան Վոկիեն հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: «ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցության նախագիծը մոտիվացնող նախագիծ է, որը թույլ կտա համալսարանին դառնալ ավելի դինամիկ։ Ես այսօր ուրախ եմ շուրջս տեսնել այս համալսարանի տված կրթության արդյունքը՝ ֆրանկոֆոն ուսանողներին և շրջանավարտներին»:

Հիշեցնենք, որ կամպուսի կառուցման համար 2019թ․ փետրվարին մեկնարկել է միջազգային դրամահավաք (don-ufar.com), որն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, միջպետական համալսարան, որն իր ակադեմիական գործընկերներ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը Eduniversal 2018-2019թթ ցանկի լավագույն հնգյակում են) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական) հետ համատեղ շնորհում է բակալավրիատի և մագիստրատուրայի միաժամանակ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի 1280 ուսանող, 13 դոկտորանտ, գրեթե 2300 շրջանավարտ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս